ՌԴ-ում վերահաստատում են տանկային բիաթլոնի աշխարհի առաջնություն անցկացնելու մտադրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում վերահաստատել են, որ 2014 թվականին պատրաստվում է տանկային բիաթլոնի միջազգային առաջնություն անցկացնել։

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնություն անցկացնելու մտադրությունը ՊՆ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը։ Վերջինս չի մանրամասնել անցկացման վայրը, ժամկետներն ու մասնակիցների անունները։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բազմիցս հայտարարել է, որ հաջորդ տարի իրենք պատրաստվում են խոշոր միջազգային մրցումներ անցկացնել, որին մասնակցելու հրավեր են ուղարկվել արդեն ԱՄՆ-ին, Իտալիային, Գերմանիային և այլ պետությունների։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ալաբինո զորավարժարանում կայացավ տանկային բիաթլոնի մրցումներ, որի մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տանկիստները։

Տ-72 տանկերով անցկացվող մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը: Իսկ ահա Հայաստանի տանկիստները չորս երկրների մեջ զբաղեցրին վերջին` չորրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի, երրորդը` Բելառուսի թիմը:

Հիշեցնենք, որ ռուսական բանակում վերջին շրջանում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *