Թե ինչու Սաֆար Աբիևը ներկա չէր Շամխորի կորպուսի աշխատանքների գնահատմանը

Սեպտեմբերի 10-ին Ադրրբեջանի Շամխորի բանակային կորպուսում կատարված շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ժամանել էր գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Սաֆար Աբիև

Սաֆար Աբիև

Այս մասին տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները։

Այնուհանդերձ, Ալիևի հետ չէր եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։ Պատճառները հասկանալու համար ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի լրագրողը դիմել է Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովին։

Ռովշան Աքպերով

Ռովշան Աքպերով

Վերջինս պատասխանել է հետևյալ կերպ. «Միշտ չէ, որ պաշտպանության նախարարն ինքն է կազմում իր աշխատանքային գրաֆիկը, նախարարի ներկա չլինելը որևէ կապ չունի անձամբ ինձ հետ, իսկ թե ինչու նա չի եկել, ավելի լավ է՝ գնացեք ու հարցրեք հենց Աբիևին, նա ավելի ստույգ կպատասխանի»։

Նշենք, որ Սաֆար Աբիևի ու Ռովշան Աքպերովի ներքին հակամարտության մասին արդեն մի քանի տարի է, ինչ բացահայտ խոսվում է ադրբեջանական մամուլում։
Վերջին աղմկահարույց դեպքը գրանցվել է հունիսի 28-ին, երբ ադրբեջանական կայքերը լուրեր էին տարածել՝ հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակի զորահանդեսին չէին հրավիրել Աքպերովին։
Ինչպես հաղորդում են ՊՆ-ից փակ աղբյուրները, Աքպերովը, պարզելով, որ իրեն հրավեր չեն ուղարկել, հունիսի 25-ի ուշ երեկոյան օգտագործել է նախագահականում իր ունեցած կապերը, արել ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը կարգադրի հրավեր ուղարկել իրեն՝ արդյունքում ներկա լինելով ռազմական շքերթին։

Տարիներ շարունակ Ադրբեջանի ամենաերիտասարդ գեներալին՝ Ռովշան Աքպերովին, համարում են ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մրցակիցը։
Ըստ որոշ տեսակետների՝ հենց այդ պատճառով էլ Աբիևը Բաքվի կայազորի պետի պաշտոնից հեռացրել է վերջինիս։ Աքպերովը, մտերիմ լինելով Իլհամ Ալիևի հետ, և ժամանակին աջակցելով Հեյդար Ալիևին ընդդիմադիրներին չեզոքացնելու հարցում, նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Ի դեպ, Աքպերովի՝ հրամանատար նշանակվելուց հետո այս բանակային կորպուսում աճել է կաշառակերության, ոչ մարտական զոհերի ու ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցված միջադեպերի թիվը։ Վերջին դեպքը Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստն էր, երբ զինծառայողը մահվանից ժամեր առաջ ֆեյսբուքի գրառումներում դժգոհել էր պետությունից։

Հիշեցնենք, որ Ռովշան Աքպերովը մեկն էր այն զինվորականներից, ում 1992-ին մեղադրում էին սխալ մարտավարության և անգործության հետևանքով «Շուշին հայերին հանձնելու համար»։ Նա նաև դավաճանել է սեփական մարտական ընկերներին. 1994-1995 թթ. հենց Աքպերովի հրամանով զինվորները գնդակահարել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին նրանց քաղաքական հայացքների համար։

Բացի այդ, Ադրբեջանի ազգային հերոսը, պարզվում է, ալկոհոլի և թմրանյութի սիրահար է։ 2001-ին էլ նա Կիևում ոչ սթափ վիճակում դանակահարել ու սպանել է գործարար Էլչին Ալիևին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *