Աֆղանստանում պայթեցրել են ՆԱՏՕ զորքերի վառելիքի ավտոցիստեռնները

Աֆղանստանի հարավ-արևմուտքում գրանցված պայթյունի հետևանքով ոչնչացվել է թվով 9 ավտոցիստեռն, որոնց միջոցով վառելանյութ էին տեղափոխում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, պայթյունը գրանցվել է սեպտեմբերի 15-ին Բելուջիստան գավառում՝ Կառաչի նավահանգստից 45 կմ հեռավորության վրա։

Հայտնի է միայն, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Նշենք, որ պարզ չէ պայթյունի պատճառը։ Որոշ տվյալներով՝ պայթյունը կարող էր լինել միջադեպի մերձակայքում կայանած ավտոմեքենայի բոցավառման հետևանքով, իսկ մի քանի աղբյուր էլ վկայում է՝ ավտոցիստեռնների վրա կրակ են բացել անհայտ անձինք։

Ոստիկանությունից հայտնել են, որ չեն բացառում ահաբեկչության վարկածը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին զինյալները հարձակվել էին ՆԱՏՕ-ի ավտոշարասյան վրա, վառել էին 8 ավտոցիստեռն, սպանել մեկ վարորդի։

Հավելենք, որ վառելիքի՝ ցամաքային ճանապարհով տրամադրումն Աֆղանստանի ՆԱՏՕ զորքերին վերսկսվել է ավելի քան 2 շաբաթ առաջ։ Գրեթե 5 ամիս վառելիք չէին տեղափոխում՝ հաշվի առնելով զինյալ խմբերի պարբերաբար հարձակումները։

ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում ծրագրում են ավարտին հասցնել 2014-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *