Եգիպտոսի իշխանություններն իսլամիստներից հետ են գրավել Դելհա քաղաքը

Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը սեպտեմբերի 16-ին վերահսկողություն են սահմանել Դելհա քաղաքում, որն ավելի վաղ անցել էր գահընկեց նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակից իսլամիստներին։

Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ քաղաքն ունի 120 հազար բնակչություն, տեղակայված է Եգիպտոսի կենտրոնում, ավելի քան 2 ամիս իսլամիստների վերահսկողության ներքո էր։

Նշենք, որ իշխանության նվաճումից անմիջապես հետո Մուրսիի կողմնակիցները Դելհայում ահաբեկչական գործողություններ էին իրականացնում տեղի քրիստոնյա ղպտիների դեմ։ Նրանց համարում էին Մուրսիին գահընկեց արած գեներալների համախոհներ։ Իսլամիստներն այրում էին ղպտիների եկեղեցիները, խանութները, բնակելի տները։ Ավելի քան 100 ղպտիական ընտանիք լքել է քաղաքը՝ իր կյանքը փրկելու նպատակով։

Հարկ է նշել, որ իսլամիստների կողմից հրդեհված եկեղեցիների շարքում է 1600 տարվա պատմություն ունեցող, Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին։ Վկաների խոսքերով՝ իսլամիստներն այնտեղից դուրս են բերել այս կամ այն չափով նյութական արժեք ներկայացնող բոլոր իրերը, այդ թվում՝ դարպասներն ու էլեկտրական լարերը։ Այնուհետև սկսել են փորել եկեղեցու այգում՝ հույս ունենալով գանձեր գտնել։

Հավելենք, որ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները հայտարարել են՝ իսլամիստների հետ առնչություն չունեն, առավել ևս կապ չունեն հարձակումների ու հրդեհման դեպքերի հետ։ Այնուհանդերձ, նրանք սատարել են իսլամիստներին՝ պնդելով՝ իբր վերջիններս պարզապես փորձել են կանգնեցնել եկեղեցին հրդեհող խուլիգաններին, իսկ «ղպտիները ոչ մի բանից խնդիր են ստեղծում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը երկրի նախագահի պաշտոնից հեռացրել էր իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ սերտ կապեր ունեցող Մուհամեդ Մուրսիին և հյուսիսաֆրիկյան այդ երկրում ժամանակավոր կառավարություն ստեղծել։

Մուրսիի կողմնակիցները (հիմնականում՝ իսլամիստները) դուրս էին եկել փողոց, որի ընթացքում բախումներ էին եղել իրավապահ մարմինների հետ։ Ավելի խոշոր և արյունալի բախումները գրանցվել են օգոստոսի 14-15-ին, որոնց ժամանակ 500-ից ավել մարդ էր զոհվել։

Օգոստոսի 18-ին Եգիպտոսում գրանցված հերթական բախումների հետևանքով զոհվել է 79, վիրավորվել 549 քաղաքացի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *