Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Տոմսկ» հրթիռակիր միջուկային սուզանավում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հրդեհը սկսվել էր սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան, երբ վերանորոգում անցնող սուզանավի վրա եռակցման աշխատանքներ էին ընթանում։
Դեպքի վայր են ժամանել մեկ տասնյակից ավել հրշեջ հաշվարկներ։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, փոխանցում է «Ռիա Նովոստին»։ Այժմ հրշեջները փորձում են ամբողջովին մարել հրդեհը։ Սուզանավի ներքին սրահներում ծուխ է հավաքվել։
Նշենք, որ K-150 «Տոմսկ» հրթիռակիր միջուկային սուզանավի վերանորոգման աշխատանքներն ընթանում են Բոլշոյ Կամեն բնակավայրի մոտ գտնվող «Զվեզդա» նավաշինարանում։
«Տոմսկը» 2000-ականների սկզբին խորտակված «Կուրսկ» սուզանավի տիպի է։ Այն ուղարկվել է վերանորոգման դեռ 2009 թվականից։ Վերանորոգման աշխատանքների ձգձգման պատճառներից մեկն էլ ֆինանսական միջոցների բացակայությունն է։
Սուզանավը ջուրն է իջեցվել 1996 թվականին և հանձնվել է ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմին։