Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել Սիրիայում ադրբեջանցի ևս մեկ զինյալի սպանության մասին։
Ադրբեջանի քաղաքացի, «Աբու Յահյա» մականունով զինյալը կռվում էր Սիրիայի կառավարական զորքերի դեմ։ Համաձայն աղբյուրի՝ նա սպանվել է Համա քաղաքի մարտերի ժամանակ, երբ թվով 66 կառավարական զորքերի վաշտեր գրոհել են քաղաքը:
«Աբու Յահյա»-ն մահացել է արյան կորստից՝ նույն օրը հուղարկավորվելով Արթմա գյուղի «Աբու Մուսլիմ» գերեզմանատանը։
Լուսանկարները ևս հաստատում են տեղեկության իսկությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անդամակցում էր Սիրիայում կռվող չեչեն զինյալ Աբու Օմարի ջոկատին։
Հիշեցնենք, որ Սիրիայից վերադարձած, փորձագետ Մարատ Մուսինը սեպտեմբերի սկզբին հարցազրույց է տվել «Նեյրոմիր-ՏՎ» հեռուստաընկերությանը՝ զրույցի ընթացքում շոշափելով Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների հարցը։ Մուսինի վկայությամբ՝ Սիրիայում ԱՊՀ երկրներից եկած զինյալների վերապատրաստման ճամբարները ղեկավարում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը։ Նա ասել է, որ «մեծ թվով ադրբեջանցի զինյալներ են զոհվում մարտերում», ճամբարներում կան նաև ՌԴ-ից ժամանած զինյալներ՝ մոտ 4 հազար հոգի։
Ադրբեջանցի զինյալների վերաբերյալ փաստերը հաստատվում են նաև այլ աղբյուրներով։
Հարկ է նշել նաև, որ ընթացիկ տարվա հունիսի 5-ին Flashpoint Global Partners խորհրդատվական կենտրոնը և Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետների համատեղ զեկույցի համաձայն՝ Սիրիայում սպանված 280 վարձկանների շարքում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։
Հուլիսի 22-ին մամուլը տեղեկացրել է, որ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի հակառակորդ գրոհայինների կողմից կռվող ադրբեջանցիներից մեկը՝ Անվար Զեյնալովը՝ Տերտերի շրջանից։ Նրա հարազատները դիմել են պատկան մարմիններին՝ Զեյնալովի դին հայրենիք բերելու համար, սակայն նրանց պատասխանել էին, որ դա անհնար է։
Օգոստոսի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Քյոհնե գյուղի բնակիչ Խաչմազ Հաջիև Թալեհ Սահիբշահ օղլուն սպանվել է Սիրիայում՝ Ասադի զորքերի դեմ մարտնչելիս։
Հավելենք, որ դեռևս օգոստոսի 1-ին հրապարակվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդ ուժերի շարքերում կռվող ադրբեջանցի զինյալների թվաքանակը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղելով Սիրիայի գրոհայինների կայքերին, հաղորդում են, որ Սիրիայի կառավարական բանակի դեմ կռվող գրոհայինների տարբեր խմբավորումների շարքերում կան 60 ադրբեջանցիներ։ Ընթացող մարտերում մահացել է ավելի քան 30 ադրբեջանցի։
Ընդ որում, ադրբեջանցի գրոհայինները Սիրիա են եկել ոչ միայն Ադրբեջանից, այլև Աֆղանստանից (թալիբների շարքերում են մարտնչել), Ռուսաստանից (Հյուսիսային Կովկասից) և այլ երկրներից։
Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանցի գրոհայինների մեծ մասը «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար» դիվերսիոն խմբավորման անդամներ են։
Հակամարտությունների գծով վերլուծաբան Արիֆ Յունուսը դեռևս հուլիսի 11-ին հայտարարել էր, որ Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում կռվում են 300-ից ավելի ադրբեջանցի զինյալներ, որոնցից 100-ը՝ Սիրիայում։ Ադրբեջանի՝ քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցները հուլիսի կեսերին գրում են. «Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում են 400 ադրբեջանցի գրոհայիններ, որոնցից 3-ը կին են»։
Փաստորեն, ադրբեջանական իշխանամետ կայքերը, հարկադրված լինելով այնուամենայնիվ նյութեր հրապարակել Սիրիայի ադրբեջանցի զինյալների վերաբերյալ, նախապատվություն են տվել հղում տալ համեմատաբար քիչ թվով՝ 60 սպանված գրոհային նշող աղբյուրին։
Հիշեցնենք, որ Սիրիայի ներքին հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանը կտրականապես հերքում էր, որ վարձու ադրբեջանցի զինվորներ են մարտնչում Ասադի դեմ, սակայն վերջին ամիսների ընթացքում, հաշվի առնելով թերևս ապացույցների և վկայությունների մեծ քանակը, Ադրբեջանը զերծ է մնում առհասարակ վարձու զինվորների թեման բարձրացնելուց։
Խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինյալների մասնակցության փաստը հաստատելու դեպքում՝ Ադրբեջանը հարկադրված կլինի ընդունել, որ ադրբեջանցիները, հիմնականում ահաբեկչական խմբավորումների կազմում, վարձու կամ կամավոր մասնակցել են Սիրիայի ներքին հակամարտությանը։ Դա միանշանակ վատ կանդրադառնա թե´ Ադրբեջանի միջազգային վարկանիշի, թե´ Սիրիայի հետ հարաբերությունների վրա։