ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են, իսկ Սիրիան հոկտեմբերի 14-ից միանալու է կոնվենցիային

Սեպտեմբերի 14-ին Սիրիան ավարտեց ՄԱԿ-ի քիմիական զենքի արգելման կոնվենցիային միանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հանձնման գործընթացը։

Սիրիա

Համաձայն ՄԱԿ-ի մամուլի ծառայության տվյալների՝ կոնվենցիան Սիրիայի համար պաշտոնապես ուժի մեջ կմտնի 30 օր անց՝ 2013-ի հոկտեմբերի 14-ին։
Այնուհանդերձ, ԱՄՆ-ն չի շտապում հրաժարվել ռազմական գործողություններ ծավալելու իր մտադրությունից։ Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է՝ կարևոր տեղաշարժեր են գրանցվել, սակայն դեռ շատ քայլեր կան անելու։

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես են եկել հայտարարությամբ՝ Ժնևում կայացած բանակցությունների ավարտից հետո։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պարզ է դարձել, որ կողմերը պայմանավորվել են՝ Սիրիան մեկ շաբաթ ժամանակահատվածում պարտավորվում է ներկայացնել իր ունեցած քիմիական պաշարների ողջ ցուցակը։

Բացի այդ, քիմիական զենքի գծով միջազգային որակավորում ունեցող մասնագետները պետք է ժամանեն Սիրիա 2013-ի նոյեմբերից ոչ ուշ, ապա Սիրիայի քիմիական զենքի պաշարները պետք է լիովին ոչնչացված լինեն մինչև 2014-ի կեսերը։ Գործընթացում առկա պրակտիկ խնդիրները վստահվելու են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, իսկ ֆինանսավորումը մասամբ իրականացնելու են միջազգային դոնորները։

Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ նշված ծրագրի ըստ արժանվույն իրագործումը թույլ կտա Սիրիային խուսափել ռազմական հարվածներից, Քերին էլ պնդել է՝ ԱՄՆ-ն պատրաստակամ է ՄԱԿ-ի ու ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակներում մշակել «կոշտ բանաձև», եթե Սիրիան չկատարի ստանձնած պարտավորությունները։

Սիրիայի արձագանքը սպասեցնել չտվեց։ Համաձայն AFP լրատվական գործակալության տվյալների՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զուբին սեպտեմբերի 15-ին հայտարարել է՝ Սիրիան լիովին ընդունում է և կատարելու է ՄԱԿ-ի կողմից սահմանված պարտավորությունները՝ առանց սահմանափակումների, և արդեն իսկ պատրաստում է համապատասխան ցուցակները։

Հատկանշական է, որ նույնիսկ այսպիսի հայտարարությունից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, կանխատեսելով՝ արդեն մյուս շաբաթ կայանալու է Սիրիայի հարցով բանաձևի վերաբերյալ քվեարկությունը ՄԱԿ-ում, կոչ է արել, որ միջազգային հանրությունն այնուհանդերձ պետք է պատժամիջոցներ նախատեսի՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, եթե Սիրիան հստակ չկատարի պարտավորությունները։

Հիշեցնենք, որ Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառումը քննող ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են թեմայի առնչությամբ իրենց զեկույցը: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել էր փորձագետների խմբի ղեկավար Ակե Սելսթրամը:

Նրա խոսքերով՝ դեռևս պարզ չէ, թե զեկույցի տվյալները երբ են հրապարակվելու, դա կախված է հիմնականում ՄԱԿ ԱԽ որոշումից: Սելսթրամը հրաժարվել է նաև մանրամասներ հայտնել ուսումնասիրության արդյունքներից:

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *