ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են Սիրիայի վերաբերյալ զեկույցը

Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառումը քննող ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են թեմայի առնչությամբ իրենց զեկույցը:
Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է փորձագետների խմբի ղեկավար Ակե Սելսթրամը:

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին սեպտեմբերի 16-ին:
Այնուհանդերձ, փորձագետների խմբի ղեկավարի խոսքերով՝ դեռևս պարզ չէ, թե զեկույցի տվյալները երբ են հրապարակվելու, դա կախված է հիմնականում ՄԱԿ ԱԽ որոշումից: Սելսթրամը հրաժարվե; է նաև մանրամասներ հայտնել ուսումնասիրության արդյունքներից:

Նշենք, որ փորձագետների խմբի պարտականությունների մեջ չի մտնում քիմիական հարձակման մեղավոր կողմին որոշելը: Սակայն ինչպես AP լրատվական գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ում սեփական աղբյուրները, շատ հնարավոր է՝ զեկույցում խոսք գնա նաև հակամարտության՝ հարձակման համար պատասխանատու կողմի մասին:

Հիշեցնենք, որ փորձագետները լքել են Դամասկոսն օգոստոսի 31-ին: Նրանք մինչ օրս զբաղված էին հավաքված տվյալների քննությամբ ու վերլուծությամբ: Հավաքել են ընդհանուր առմամբ դեպքի վայրից հողի, մարդկանց արյան ու մեզի անալիզներ, փնտրել են հարձակման ժամանակ կիրառված քիմիական զենքի մնացորդներ, հարցաքննել են տեղի վկաներին ու բժշկական անձնակազմին:

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *