ԽՍՀՄ փլուզումից և ԱՊՀ-ի ստեղծումից հետո էլ խորհրդային հսկայական տարածքի պետություններում շարունակվում էին ազգամիջյան հակամարտությունները, որոնք աստիճանաբար վերածվում էին պատերազմների:
Իսկ պատերազմում լինում են ոչ միայն զոհեր ու ավերածություններ, այլև գերիներ, պատանդներ, առևանգումներ:
Հատկապես ծանր էր այդ խնդիրը խառը բնակչություն ունեցող հակամարտություններում, որտեղ ռազմական գործողություններն ընթանում էին բնակավայրերում ու քաղաքներում: Նախկին խորհրդային հանրապետություններում դեռ չէին գործում միջազգային մարդասիրական կազմակերպությունները, որոնք պետք է փորձեին հնարավորինս փրկել անմեղ մարդկանց կյանքը:
Միաժամանակ, դեռ թարմ էր միասնական պետության հիշողությունը, և մարդիկ հույս ունեին, թե համատեղ ջանքերով հնարավոր է կանխել օրեցօր մեծացող արյունահեղությունը: 1992թ. աշնանը այսպիսի մի փորձ է ձեռնարկում «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի աշխատակազմը:
1992թ. սեպտեմբերի վերջին «Կոմսոմոլսկայա Պրավդա» («Комсомольская правда») թերթը և «Վզգլյադ» («Взгляд») հեռուստահաղորդումը հանդես են գալիս նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թեժ կետերում պատանդների ու ռազմագերիների փոխանակության, անհայտ կորածներին գտնելու և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միությունների հետ համակարգող խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ:
1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում պետք է կայանար ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը, և «ԿՊ»-ն իր կազմած փաստաթուղթը ներկայացնում է Ղըրղզստանի նախագահ` Ասկար Ակաևին` խնդրելով ներկայացնել պետությունների ղեկավարներին և հանդես գալ համատեղ հայտարարությամբ («Комсомольская правда», 8 октября, 1992г.):
Բիշքեկ մեկնելուց առաջ նախաձեռնությանը հավանություն են տալիս Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նուրսուլթան Նազարբաևը: ԱՊՀ պետությունների մյուս ղեկավարները ևս չեն առարկում և «ԿՊ»-ի լրագրողները Ղըրղզստանի միջնորդական խմբի հետ մեկնում են Տաջիկստան, իսկ թերթի առաջարկը որոշվում է քննարկել դեկտեմբերի 4-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովում:
Մինչ այդ լրագրողների մեկ այլ խումբ («Վզգլյադ»-ից` Միխայիլ Մարկելովը, պրոդյուսեր` Անդրեյ Կրիլովը, օպերատոր Կոնստանդին Կրյակովը և «ԿՊ»-ից` լրագրող Գենադի Բոչկարյովը) հոկտեմբերի վերջին մեկնում է Աբխազիա` ռազմագերիների փոխանակություն իրականացնելու նպատակով:
Լրագրողները աբխազական բանակի մայոր Գենադի Չանբայի ուղեկցությամբ այցելում են վրացական բանակի զինծառայող Ջամբուլ Ֆրուիձեին, ով գերեվարվել էր աբխազների կողմից Գագրայի ազատագրման ժամանակ: Զինվորը ծանր վիրավոր էր և կյանքին վտանգ էր սպառնում: Նրան անհրաժեշտ էր շտապ վիրահատել: Ֆրուիձեին տեղափոխում են Գագրայի հիվանդանոց, այնտեղից` Խուստա (բնակավայր Սոչիի և Ադլերի միջակայքում):
Լրագրողներն այնուհետև այցելում են Գուդաութայում գտնվող վրացի ռազմագերիներին և փորձում կապ հաստատել Սուխումի վրացական իշխանությունների հետ (այն ժամանակ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը դեռ վրացիների ձեռքում էր: Այն ազատագրվում է 1993թ. սեպտեմբերի 30-ին), սակայն հաջողության չեն հասնում:
Երրորդ օրը, տեսնելով, որ վրացական կողմի հետ չի ստացվում կապ հաստատել, լրագրողները դիմում են աբխազական կողմին` խնդրելով առանց նախապայմանի ազատ արձակել վրացի մեկ ռազմագերու և երաշխավորում են, որ նա կտեղափոխվի Ռուսաստան, այնուհետև` Թբիլիսի: Աբխազական կողմը համաձայնում է:
Ռազմագերուն ազատելու համար տրվում է հետևյալ բովանդակությամբ տեղեկանք.
«Տրվում է Թբիլիսիի բնակիչ Ամիրան Միտոյի Կաբրիշվիլուն առ այն, որ ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի նկատառումով և «ԿՊ» թերթի ու «Վզգլյադ» հեռուստածրագրի միջնորդությամբ նա ազատ է արձակվում և նրան թույլատրվում է դուրս գալ Աբխազիայի տարածքից:
Աբխազիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար
գնդապետ Վ. Արժբա
Գենադի Բոչկարյով
(սեփ. թղթ.)»:
Հետևելով «ԿՊ»-ի և «Վզգյադ»-ի այս աննախադեպ նախաձեռնությանը կարող ենք, իհարկե, նկատել, որ այն ունի ինքնագովազդի և, ինչպես հիմա է ընդունված ասել` PR-ի որոշակի տարրեր: Տպավորություն է ստեղծվում նաև, որ հակամարտության աբխազական կողմը ներկայացվում է ավելի մեծահոգի և ուժեղ: Նախաձեռնությունը կարծես թե որոշակիորեն շեղվում է լրագրողի աշխատանքի բուն նպատակից, այն է` լուսաբաներ իրադարձությունները: Մյուս կողմից, սակայն, Աբխազիա կատարած այցելության արդյունքում հնարավոր է լինում ազատել երկու ռազմագերու, որոնցից մեկը ծանր վիրավոր էր: