Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 8-14

Ավտովթարից 2 զինծառայող է զոհվել։ Ձերբակալվել է ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալը։ «Պիոն» ԻՀՀ-ներ՝ հայ-ռուսական համատեղ զորավարժության ժամանակ: Չինական պատվիրակությունը՝ Երևանում։ ՀՀ դեսպանը հանդիպեց Հունաստանի պաշտպանության նախարարին: Մինսկի ԱՄՆ համանախագահին ընդունեցին Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Մեկնարկել է «Մարտական համագործակցություն-2013»-ի ակտիվ փուլը: Հատուկ նշանակության ստորաբաժանումը զորավարժության է պատրաստվում: Մինսկի խմբի համանախագահը մասնակցեց Ասկերանում դիտարկման:

1. Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է երկու ժամկետային զինծառայող՝ Գևորգ Հովհաննիսյանը և Ռուբեն Բաղյանը: ՊՆ Ռազմական ոստիկանության կայքից տեղեկացնում են, որ մանրամասների ճշտման համար տարվում է հետաքննություն։

2. Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՊՆ Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

3. Սեպտեմբերի 7-ից 10-ը Հայաստանում էր Չինաստանի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները ևզարգացման հեռանկարները:

4. Սեպտեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ: Քննարկվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկահամագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

5. Սեպտեմբերի 11-ին Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

6. Սեպտեմբերի 10-ին Մինսկի ԱՄՆ համանախագահին ընդունեց նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան արցախյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող հարցերին: 7. Սեպտեմբերի 11-ին Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին ընդունեց նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:Հանդիպմանը կողմերն անդրադարձան Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին ևբանակցությունների հեռանկարին:

8. Սեպտեմբերի 11-ին ԱՊՀ պետությունների «Մարտական համագործակցություն-2013» զորավարժությունների ընթացքում Աշուլուք զորավարժարանում մեկնարկեց վարժանքների ակտիվ փուլը: Զորավարժությանը որպես դիտորդ հետևելու են նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

9. ԱՊՀ-ի «Միր» հեռուստաալիքը օգոստոսին անցկացված հայ-ռուսական համատեղ զորավարժությանը նվիրված ռեպորտաժ է հեռարձակել, որտեղ նշում է, որ զորավարժության ընթացքում կիրառվել է նաև խոշոր տրամաչափի 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգ: Հաղորդման մեջ չի հստակեցվում, թե արդյոք այդ համակարգերը հայկական, թե ռուսական կողմին են պատկանում: Նախկինում երբևէ ոչ հայկական բանակում, ոչ էլ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում «Պիոններ» չեն եղել։

10. 2013 թվականի սեպտեմբերի 18-27 Բելառուսում «Փոխհամագործակցություն-2013» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը: Ռազմինֆոն հետևել է, թե ինչպես են անցնում Բելառուս մեկնող զորախմբի պարապունքները:

11. ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էանցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռազմաշաբաթը նաև`

Թուրքիայում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *