Հարձակվել են Եգիպտոսի հետախուզական ծառայության կենտրոնական գրասենյակի վրա

Սեպտեմբերի 11-ին Սինայի թերակղզում տեղակայված եգիպտական հետախուզական շտաբ-գրասենյակին կից պայթյուն է գրանցվել։ Դրա հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10 հոգի։

Բախումներ՝ Եգիպտոսում

Բախումներ՝ Եգիպտոսում

AFP գործակալության տվյալներով՝ ևս մեկ պայթյուն է գրանցվել ոչ հեռու տեղակայված մարտական հենակետում։

Նշենք, որ պայթյունների շարքը գրանցվել է Ռաֆահ քաղաքում, որի մի մասը եգիպտական տարածքում է, իսկ մյուսը՝ Գազայի հատվածում։ Ներկա դրությամբ հայտնի է միայն, որ պայթյունների պատճառով Եգիպտոսի հեախուզության շտաբ-գրասենյակի ապակիները կոտրվել են։

AP լրատվական գործակալությունը վկայում է, որ հետախուզական օբյեկտի վրա հարձակումն իրականացրել է ականապատ ավտոմեքենայով դրան մոտեցած մահապարտ ահաբեկիչը։ Ըստ աղբյուրի՝ շինության մի հատվածը փլվել է։ Ինչ վերաբերում է մարտական հենակետին, ապա AP-ի ունեցած նախնական տեղեկություններով՝ դրա վրա կրակ են բացել նռնականետերից։

Հիշեցնենք, որ ահաբեկչություններ Սինայի թերակղզում հաճախ են իրականացվում։ Վերջին շրջանում այստեղ ակտիվացել են իսլամիստ զինյալները։ Մասնավորապես, ակտիվություն է ցուցաբերում «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» կամ «Երուսաղեմի պարտիզաններ» խմբավորումը, որը ստանձնել է սեպտեմբերի 5-ին Կահիրեում Եգիպտոսի ներքին գործերի նախարարի դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը։

Հավելենք, որ Սինայում զինյալներն ամրացրել են դիրքերը 2011-ին կայացած հեղափոխությունից հետո, որի հետևանքով իշխանության են եկել իսլամիստները։ Այս իրադարձություններից հետո Սինայում ոստիկաններ ու զինծառայողներ գրեթե չկային։ 2013-ի հուլիսին նախագահ Մուհամմեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո զինվորականները սկսեցին առավել մեծ ուշադրություն դարձնել Սինային՝ զինյալների դեմ որոշակի քայլեր իրագործելով։ Բացի այդ, Եգիպտոսի ներկայիս իշխանությունները որոշում են կայացրել Գազային սահմանակից տարածքում ստեղծել բուֆերային գոտի՝ զինյալների տեղաշարժը խոչընդոտելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *