Թուրքիայում անվտանգությանը նվիրված արտահերթ հանդիպում են անցկացրել

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 10-ին անվտանգությանը նվիրված արտահերթ ժողով է հրավիրել։
Վարչապետի նստավայրում անցկացված արտահերթ ժողովի հիմնական թեման եղել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանի հրավիրած ժողովին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը։ 2,5 ժամ տևած ժողովը դռնփակ է եղել։

Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների մանրամասները չեն հրապարակվում։

Վերջին շրջանում Թուրքիայում հաճախ են նմանատիպ հանդիպումներ հրավիրվում, որոնք անցնում են տարբեր ձևաչափերով՝ Թուրքիայի նախագահի կամ վարչապետի գլխավորությամբ։

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում է զինծառայողներ, զրահատեխնիկա, հրետանի և ՀՕՊ համակարգեր կուտակել Սիրիայի հետ սահմանին։

Թուրք բարձրաստիճան գեներալները վերջին օրերին հաճախակի շրջայցեր են կատարում թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող զորամասերում, ռազմաբազաներում և հենակետերում՝ ստուգելով անձնակազմի պատրաստվածությունն ու տալով համապատասխան հրահանգեր։ Թուրք-սիրիական սահմանին Անկարան նաև ռազմաբազայ կառուցելու աշխատանքներ է սկսել։

Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *