Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում

Թուրքիան օրերս սկսել է Սիրիայի սահմանի մոտակայքում նոր ռազմաբազա կառուցել։ Բազան կառուցվում է Քել լեռան վրա, որը Սիրիային սահմանակից Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգում է։

Թուրքական ռազմաբազան մոտ է սիրիական Լաթաքիա շրջանին, որն ալավիներով բնակեցված տարածք է (Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նույնպես ալավի դավանանքի հետևորդ է):

Ներկայում ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում է Defense News-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում է զինծառայողներ, զրահատեխնիկա, հրետանի և ՀՕՊ համակարգեր կուտակել Սիրիայի հետ սահմանին։

Թուրք բարձրաստիճան գեներալները վերջին օրերին հաճախակի շրջայցեր են կատարում թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող զորամասերում, ռազմաբազաներում և հենակետերում՝ ստուգելով անձնակազմի պատրաստվածությունն ու տալով համապատասպան հրահանգեր։

Հավելենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

Թուրքիայի և Սիրիայի միջև ցամաքային սահմանի երկարությունը շուրջ 900 կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *