Ռուսական բանակի Տ-80 տանկերը կարող են փոխարինվել Տ-72Բ տանկերով

Տ-80 տանկերը կհանվեն Ռուսաստանի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությունից: Դրանց հետ միասին սպառազինությունից կհանվեն ու պահեստ կուղարկվեն նաև Տ-54 ու Տ-62 ընտանիքի տանկերը:

Տ-80Ու տանկը՝ «տանկային բիատլոնի» ժամանակ

Տ-80Ու տանկը՝ «տանկային բիատլոնի» ժամանակ

Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ գլխավոր ավտոզրահատանկային վարչության պետ Ալեքսանդ Շևչենկոն:

Վերջինիս խոսքերով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը նախատեսում է այս տանկերը փոխարինել Տ-72Բ տանկերով: Այսպիսով 2015-ի ավարտին ռուսական ցամաքային զորքերում կլինեն միայն Տ-72Բ և Տ-90 տանկեր: Շևչենկոյի խոսքերով սա կատարվում է բանակային սպառազինության նույնականացման (ունիֆիկացիայի) նպատակով:

Սա կարող է կապված լինել նաև Տ-80 տանկերի ծախսատարության հետ: Տ-80-ների վրա տեղադրված ԳՏԴ-1000Տ գազատուրբինային 1000 ձիաուժանոց շարժիչի ծախսը շատ ավելի մեծ է, քան դիզելային շարժիչներինը, ինչպիսիք դրված են Տ-72-ի ու Տ-90-ի վրա:

Նշենք, որ դեռևս 2011-ի հոկտեմբերին ՌԴ այն ժամանակվա պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, որ բանակը հրաժարվելու է Տ-80 տանկերի արդիականացումից ու Տ-90-ների գնումից՝ դրանց առավել ծախսատար լինելու պատճառով:

Դրանց փոխարեն նախատեսվում էր Տ-90-ների մակարդակի արդիականացնել Տ-72 տանկերը, ինչը զգալիորեն ավելի էժան կարժենար: Դրանք միաժամանակ չէին զիջի ժամանակակից տանկերին իրենց բնութագրերով:

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ արևմտյան ռազմական շրջանը ստացել է նորացված Տ-72Բ3 տանկեր: Վերջինս Տ-72-ի ժամանակակից արդիականացումն է: Նորացված տանկի վրա տեղադրված է 840 ձիաուժանոց շարժիչ բազային 780 ձիաուժանոցի փոխարեն: Տանկը սարքավորված է «Կոնտակտ-5» դինամիկ զրահով, կապի նորագույն սարքավորմամբ, կատարելագործված են ընթացամասն ու թրթուռները: Բացի այդ, տանկի սպառազինությունը թույլ է տալիս կիրառել զինամթերքի նոր, ավելի մեծ զրահահարությամբ տեսակներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *