Արցախյան ազատամարտի առաջին կամավորներից էին մտավորականները: Նրանցից ոմանք այսօր ավելի հաճախ նույնացվում են մշակույթի, քան Արցախյան ազատամարտի հետ: Այդ նվիրյալներից է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով ոչ միայն ականատես է եղել, այլև մասնակցել է Երրորդ Հանրապետության զինված ուժերի ձևավորմանն ու կայացմանը:
ՀՀ ԶՈՒ հիմնադրման 20-ամյակի նախօրեին Razm.info-ն զրուցեց Գագիկ Գինոսյանի հետ՝ լսելով նրա՝ ականատեսի ու մասնակցի, վկայություններն ու ներկայիս վիճակից ունեցած անհանգստությունները:
— Յուրաքանչյուր պետության համար կարևորագույն հիմնասյուն է ազգային բանակը: Մեր նոր անկախությունը թրծվել է պատերազմով և բանակը թրծվել է ոչ թե լոկ մարտերով, այլ մեծ հաղթանակով: Նժդեհն ասում էր. «Եթե ուզում ես կայանալ որպես զորավար՝ պարտավոր ես հաղթել առաջին ճակատամարտում»: Մեր բանակը առաջին մեծ պատերազմը հաղթեց: Իհարկե, կան շատ բացթողումներ, հատկապես գաղափարական ոլորտում: Բայց մեր բանակն այսօր մարտունակ է և դրա լավագույն ապացույցը հարաբերական անդորրն է: Այն ակնթարթին, երբ հակառակորդն իմանա, որ զենքի ուժով հարցերը կլուծի, կդիմի զենքին:
Գագիկ Գինոսյանի համար հեղինակություն և յուրօրինակ հրամանատար է եղել Լեոնիդ Ազգալդյանը: Յուրօրինակ, քանի որ, ինչպես նշեց Գինոսյանը՝ իրենք երբեք ծանոթ չեն եղել և «ծանոթացել» են, երբ Ազգալդյանն արդեն երկնքում էր [Լեոնիդ Ազգալդյանին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ, — Ա. Կ.]:
Գագիկ Գինոսյանն Արցախյան ազատամարտին մասնակցել է հռչակավոր ճարտարապետ Թամանյանի թոռ՝ ֆիզիկոս Ալեքսանդր Թամանյանի ղեկավարած ջոկատի կազմում, որում ընդգրկված էին գիտնականներ և հայրենիքի նվիրյալներ:
— Մեր բանակը պիտի որ վերածվի մտավորական բանակի: Երբ մեր ճակատը ստեղծվում էր՝ մեր՝ մահապարտների X ջոկատում բոլորը մտավորականներ էին՝ ֆիզիկոսներ, գիտության նվիրյալներ, բժիշկներ, իսկ այն ղեկավարում էր Թամանյանի թոռը: Մեր ջոկատի օրինակով կարող եմ ասել, որ Հայոց բանակը պետք է լինի ոչ թե բանվորագյուղացիական, ինչպիսին Կարմիր բանակն էր, այլ՝ մտավորականությամբ բանակ՝ ինչպիսին ցարական բանակն էր, որտեղ մտավորականության վերնախավի համար մեծ պատիվ էր բանակի սպա լինելը:
— Պարոն Գինոսյան, այսօր ի՞նչն է պակասում՝ գաղափարական և, Ձեր նշածի պես, մտավորականների բանակ ունենալուն:
—Բանակի դեպքերը գալիս են գաղափարազուրկ լինելուց: Սա փակ շրջան է, որը պետք է ինքնամաքրման գնա, բայց ոչ թե շրջանաձև, այլ պարուրաձև ինքնամաքրման: Վստահ եմ, որ գաղափար կրող զինվորը կամ սպան նման [ոչ կանոնադրական, — Ա.Կ.] հարաբերությունների չի գնա: Երկրում բացակայում է քաղաքացի դաստիարակելու ինստիտուտը: Բանակին նվիրված հոբելյանական միջոցառմանը երգում են «Պստիկ պապան գնաց բանակ…» , սա ամենամեծ հակագովազդն է և էլ ո՞վ կուզենա այս երգից հետո իր որդուն տանել բանակ: Ես նայում եմ «Խիզախ սիրտը» ֆիլմը և զարմանում, թե ինչպես փոքրամարմին մեկը մի ամբողջ ազգ համախմբեց, ինչը դարեր շարունակ արքաները չէին կարողացել անել: Պետք է այնպես անել, որ երիտասարդն ակամա ցանկանա դառնալ իր ազգի հերոսը, պետք է այնպիսի ոգի ու գաղափար տալ սերնդին, որ եթե անգամ ծնողները կարողանան որդուն բանակից ազատել՝ որդին ընդդիմանա ու ավելի բարձ գտնվի, մեկնի ծառայության:
— Պարոն Գինոսյան, գիտեմ, որ դպրոցում ռազմագիտություն եք դասավանդում: Ի՞նչ տրամադրվածություն կա աշակերտների մոտ՝ պատրաստ են զինվորական ծառայության մեկնել, թե խուսափում են:
— Բոլոր խավերն էլ կան, այնպես չէ, որ բոլորն ուզում են, կամ բոլորը հրաժարվում են ծառայությունից: Մարդիկ կան, որ բանակում փոխհարաբերությունների մասին լսելով՝ չեն ուզում գնալ, մարդիկ կան, որ անձը ինքնահաստատաման խնդիր ունենալով՝ ասում են, թե պապաս ազատելու է բանակից: Սակայն սա էլ մեծ թիվ չէ: Միջին խավը նորմալ է վերաբերում զինծառայությանը և, նախորդ տարիների համեմատ, վիճակը բարվոք է: Կարող եմ հպարտանալ և ասել, որ իմ աշակերտներից 3-5 տղա իմ շնորհիվ ոչ միայն չի խուսափել բանակից, այլ գնացել է ռազմական ինստիտուտում սովորելու: Սակայն դա խնդիրը չի լուծում. մենք եթերով հայրենասիրություն փոխանցելու խնդիր ունենք և դաշտն այդ առումով բաց է:
— Հաշվի առնելով վերոնշյալները և Ձեր անցած մարտական ուղին՝ ի՞նչ կցանկանայիք ասել այն երիտասարդին, ով վաղը զինվոր է դառնալու:
— Երբ ես Լեոնիդ Ազգալդյանի մասին հոդված էի գրում՝ նրա կերպարը ներկայացնելիս նշեցի, որ նա մարդ է, ով բազմաբևեռ մագնիս է: Նա դեպի իրեն էր ձգում և՛ մտավորականի, և՛ նախկին կյանքում խուլիգան կամ վախկոտ եղածին: Մենք հաճախ չենք հասկանում՝ ով է ղեկավարը, նա նման է հավաքող, թե՞ ցրող ոսպնյակի: Եթե չունենք հավաքող ոսպնյակը, ապա կիզակետ չենք ունենա, որը պիտի ծառայի ազգին: Հրամանատարը պետք է գաղափարապես զինված լինի: Մեր մեջ քիչ չեն հերոսները, բայց ամենի թագն ու պսակը բարոյական ղեկավարն է, ով ունի ուժ, ռազմական գիտելիք, ազգային գաղափար և դրան զուգահեռ տարբեր առաքինություններ, ով ոչ մի բան սակարկման չի դնի: Եթե ես շատ խելացի եմ, բայց հայ լինելու բարոյականություն չունեմ՝ ես կարող է վնասեմ ազգիս:
— Եթե տեղյակ եք՝ ինչպիսի՞ն է մեր այսօրվա հրամանատարական կազմը: Ունե՞նք գաղափարապես կայացած մտավորական հրամանատարի կերպար:
— Բնական է, որ յուրաքանչյուր ասպարեզում բևեռային վիճակները քիչ են, հիմնականում միջին խավն է: Եթե հրամանատարը ստիպված է զույգ ուսադիր կրել հանապազօրյա հացի համար՝ ուրեմն վայ քեզ բանակ, եթե նմաններով հարուստ ես, իսկ այսօր նման մարդիկ ավելի քան կան: Սակայն, այն մարդիկ, ովքեր թեկուզ փոքր ջոկատի համար կարող են հավաքող ոսպնյակի դեր խաղալ՝ քիչ են՝ երբեմն էլ՝ ծաղրվող մարդիկ են, որոնց չեն հասկանում ուսադիր կրող բարձրաստիճան զինվորականներից ոմանք: Եթե ինստիտուտում հենց սկզբից չի դրվում գաղափարական սպա դաստիարակելու խնդիրը, ապա դա չի կարող չերևալ բանակում:
— Պարոն Գինոսյան, ինչպես նշեցիք՝ եղել եք մահապարտների ջոկատում: Այսօր կարո՞ղ ենք ունենալ մահապարտների ջոկատ:
— Շատ են հարցնում՝ նորից կգնաք պատերազմելու: Այնպես չէ, որ գնացինք տեսանք անարդար է, ովքեր քիչ վաստակ ունեին՝ մեծ բաժին խլեցին… ու էլ չենք գնա: Ո՛չ: Բանակը մերն է ու նրան պետք է վերաբերել հարազատ տան նման: Մենք կառուցել ենք մի տուն, ամրոց, որը ինչպես էլ կառուցեինք՝ մեջը շինարարական աղբ կուտակվելու էր: Երբ տանիքը կապում ենք և տեսնում ենք, որ այն կանգուն է արդեն՝ պետք է սկսենք մաքրել այդ տունը: Մեր տունը կա, հաստատուն կանգնած է, ունի դուռ, ինքնապաշտպանական կողմեր, ամուր ամրոց է և հասել է այն մաքրելու ժամանակը, որ կրակելու պահին ոտքիդ տակի աղբը դիպուկությանդ չխանգարի: Այն ազգերը, որոնք ինքնամաքրման հատկանիշ չունեն՝ դատապարտված են ոչնչացման: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքնամաքրման ժամն է եկել:
Եթե ուզում ենք հերթական անգամ պետականություն չկորցնենք՝ մեր աչքի առջև 1919թ. պիտի ունենաք, երբ Հայաստանի բանակը լավագույնն էր տարածաշրջանում, բայց 1920 թվականին կորցրեցին պետականությունը: Մենք կարող ենք նույն ճանապարհն անցնել, եթե բարոյազրկենք բանակը գաղափարապես: Պետք է նոր ճանապարհ ընտրենք՝ բարոյապես համախմբվելու, բարոյական առանցքի շուրջ խմբվելու գաղափար ու կդառնանաք անպարտելի, կունենանք մի որակ, որը չափանիշ չի ունենա, մենք ոչ թե պետք է լինենք լավագույն, այլ լինենք անպարտելի, քանի որ իր երկրում պարտվող բանակն անկախության մասին երազելու իրավունք չունի:
Լուսանկարները` Գագիկ Գինոսյանի անձնական արխիվից։
One response to “«Հրամանատարը պետք է հավաքող ոսպնյակ լինի». Գագիկ Գինոսյան”