Թուրքական զրահ ու ընթացամաս՝ լեհական «Կռաբների» համար

Լեհական Huta Stalowa Wola (HSW) և թուրքական MKEK ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լեհական ընկերությունը հնարավորություն կունենա օգտագործել թուրքական ընկերության պատրաստած T-155 Fırtına (Ֆըրթընա) ԻՀՀ-ի զրահը (իրանը) ու ընթացամասը՝ «Կռաբ» ԻՀՀ-ների համար:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 2-ին լեհական Կելցում բացված MSPO 2013 միջազգային ռազմարդյհունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Նշենք, որ «Կռաբի» ստեղծումը լեհական ռազմարդյունաբերության երկարաժամկետ ծրագրերից մեկն է: ԻՀՀ-ն կազմված է լեհական HSW ընկերության նախագծած շասսիից ու բրիտանական AS90 ինքնագնաց հաուբիցի՝ արտոնագրով արտադրված հրանոթներից՝ ֆրանսիական Nexter Systems ընկերության արտադրության ճոճվող մասով:
2 փորձնական ու 6 սերիական արտադրության առաջին ինքնագնաց հաուբիցները լեհական բանակին են փոխանցվել 2012-ի սեպտեմբերին: Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ու HSW ընկերության միջև 2008-ի մայիսին ու 2011-ի հունիսին կնքված պայմանագրերի համաձայն՝ 24 ԻՀՀ-ից կազմված «Կռաբների» առաջին դիվիզիոնը բանակին պետք է հասցվի մինչև 2015-ի հոկտեմբեր: Սակայն նշված առաջին խմբաքանակի առաքումից հետո մյուս 16 հաուբիցների մատակարարումը հարցականի տակ դրվեց:
Պարզվեց, որ հնարավոր չէ մյուս 16 ԻՀՀ-ների վրա տեղադրել լեհական PZL Wola ընկերության կողմից արտադրվող բազային S12U շարժիչներ, որովհետև դրանց արտադրությունը դադարեցվել էր 2009-ին, իսկ արտադրող ընկերությունը փակվել է: Առաջարկված գերմանական MTU-881 KA 500 շարժիչը հնարավոր չեղավ տեղադրել, քանի որ այն չափերով մեծ էր ու չէր տեղավորվի HSW-ի կողմից արտադրվող ընթացային մասի մեջ: Դրան գումարած 2010-ին պարզվեց, որ առաջին 8 ԻՀՀ-ների զրահի վրա հայտնաբերվել են միկրոճաքեր: HSW-ն զրահ արտադրող Bumar Labedy ընկերությունից պահանջեց փոխհատուցում՝ 15,5 մլն ԱՄՆ դոլարի չափով: 2012-ին Bumar Labedy ընկերությունը ճանաչեց իր պատասխանատվությունն ու պատրաստակամություն հայտնեց փոխհատուցել պատճառած վնասը:
Այս պայմաններում HSW ընկերությունը թուրքական ընկերության հետ կնքեց համաձայնագիր, որով նախատեսվում էր մնացած 16 «Կռաբների» համար օգտագործել թուրքական T-155 Fırtına-ի զրահն ու ընթացամասը: T-155 Fırtına-ի վրա օգտագործվում է հենց MTU-881 KA 500 գերմանական շարժիչը:
Սակայն «Կռաբի» հրանոթը ավելի ծանր է, քան թուրքական ինքնագնաց հաուբիցինը, ու բավական աշխատանք կպահանջվի «Կռաբի» հրանոթը թուրքական թափքի վրա տեղադրելու համար: Բացի այդ, նոր տարբերակի վրա կտեղադրվի գերմանական Rheinmetall ընկերության արտադրած ճոճվող մաս՝ ֆրանսիականի փոխարեն:
Հայտնի չէ, թե նշված 16 «Կռաբներից» հետո լեհական ընկերությունը ձեռք կբերի թուրքական թափքի արտադրության արտոնագիր, թե կբավարարվի ձեռք բերած 16-ով: Հայտնի չէ նաև, թե ինչ կերպ Бумар Labedy ընկերությունը կփոխհատուցի առաջին 8 ԻՀՀ-ների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *