Հայտարարությունների «պատերազմ» Սիրիայի հարցի շուրջ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթնաժողովում ելույթի ժամանակ նա շեշտել է, որ հակամարտության յուրաքանչյուր կողմին զենք-զինամթերքի մատակարարումն անթույլատրելի է։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառմանն ի պատասխան ցանկացած գործողություն պետք է լինի ՄԱԿ կանոնադրության շրջանակներում՝ առաջարկելով մոտ ժամանակներս Սիրիայի հիմնախնդրին վերաբերող երկրորդ խորհրդաժողովը հրավիրել Ժնևում։

G20-ը («Մեծ քսանյակը») 19 երկրների և ԵՄ տնտեսությունները ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողով է։ Այդ հանդիպումներին սովորաբար ներկա են լինում նաև Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։

Նշենք, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի հարցի լուծումը ՄԱԿ-ի շրջանակներում անհնարին է՝ կապված Անվտանգության խորհրդում ՌԴ որդեգրած դիրքորոշման հետ։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերն ասել է, որ Ռուսաստանը, դեմ գնալով Սիրիայում ռազմական միջամտությանը, «պատանդ է պահում» ՄԱԿ ԱԽ-ին՝ միաժամանակ «հետ կանգնելով սեփական միջազգային պարտավորությունների կատարումից, որոնք ենթադրում են զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը խոչընդոտելը»։

Իր հերթին, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ Սիրիային հարվածելու հարցում Ամերիկային սատարում են հետևյալ երկրները. Ավստրալիան, Ալբանիան, Կոսովոն, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան ու Թուրքիան, սակայն չի նշել, թե այդ երկներից կոնկրետ որոնք են պատրաստ մասնակցել ռազմական գործողությանը։

Այնուհանդերձ, Կոնգրեսի ու Սենատի իրադարձությունները լուաբանող The Hill-ը տեղեկացնում է՝ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բանաձևը, որը քննարկելու է Կոնգրեսը, ներկա դրությամբ բավարար աջակցություն չունի։ «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատում դեմոկրատ մեծամասնության Հարրի Ռիդը Սենատի քվեարկության հավանական օր է հիշատակել սեպտեմբերի 11-ը։

Իրավիճակը մեկնաբանել է նաև ռուսական կողմը։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ G20 գագաթնաժողովում պետությունների ու մասնակից միջազգային կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը կողմ են Սիրիայի հակամարտության դիվանագիտական լուծմանը։ Նա վկայել է, որ Ռուսաստանը գրեթե չի կարող ազդել Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ ԱՄՆ որոշման վրա՝ շեշտելով, որ ներկայումս սպասում են ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը, սակայն եթե Կոնգրեսը որոշում կայացնի հարված հասցնել Սիրիային, ապա «դա կլինի ոչ լեգիտիմ որոշում»։

Իվանովը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ՌԴ ՌԾՈւ ուժերը կուտակվել Միջերկրական ծովում, հավաստիացրել է՝ դրանք անհրաժեշտության դեպքում ՌԴ քաղաքացիների տեղհանման համար են։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 6-ին Բարաք Օբաման դիմել է Պենտագոնին՝ ֆրանս-ամերիկյան կոալիցիայի զորքերի համար Սիրիայում թիրախ ծառայող օբյեկտների ցուցակն ընդլայնելու պահանջով։ ԱՄՆ նախագահը ցանկանում է ռազմական գործողություններում ներգրավել նաև ռազմաօդային ուժերը։ Այսպիսով, եթե մինչ այդ խոսքը գնում էր հրթիռային հարվածների մասին, այժմ առաջարկվում է քննարկել նաև օդուժի կիրառման հարցը։
Ավելի վաղ կազմվել էր շուրջ 50 թիրախների ցուցակ, որոնցում ընդգրկված էին Սիրիայի կառավարական զորքերի տեղակայման կենտրոնները։
Հիշեցնենք, որ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի հավանական կիրառումը ստուգելու և քննելու նպատակով Սիրիա ժամանած ՄԱԿ փորձագետները լքել են երկիրը օգոստոսի 31-ին, սակայն դեռևս որևէ զեկույց չեն ներկայացրել։ Փոխարենը, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները պարբերաբար կոչ են անում ռազմական գործողություններ սկսել Սիրիայում՝ չնայած որ Արևմուտքում այս հարցում միակարծություն չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *