ԱՄՆ օրենսդիրները առաջարկում են սահմանափակել Սիրիայում ռազմական գործողության տևողությունը 60 օրով

Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովը ներկայացրել է Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ, որում առաջարկվում է Սիրիայում ռազմական գործողությունները սահմանափակել երկու ամսով։

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի ու հանրապետական Բոբ Քորքերի ներկայացրած նախագիծը ենթադրում է ևս մեկ ամսով երկարաձգել գործողությունները, եթե անհրաժեշտություն լինի։ Ընդ որում, հանձնաժողովն առաջարկում է արգելք սահմանել Սիրիայում վերգետնյա ռազմական գործողություններ ծավալելու վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բեյերը հայտարարել էր, որ կողմ է Բարաք Օբամայի՝ Սիրիային ուղղված «դաստիարակչական» հարված հասցնելու առաջարկին։ Գրեթե միևնույն ժամանակ դեմոկրատ Նենսի Փելոուսին հաստատել է, որ ևս կողմ է նախագահի նախաձեռնած բանաձևին։

Նշենք, որ իրենց համաձայնությունը նրանք բացատրում են այն հանգամանքով, որ «ԱՄՆ-ն այդպիսով ցույց կտա իր դաշնակիցներին, որ խաղաղ բնակիչներին չի թողնում միայնակ բարդ իրավիճակում, երբ Սիրիայի վարչակազմը քիմիական զենք է կիրառում»։

Հավելենք նաև, որ Բարաք Օբամային այս հարցում իրենց աջակցությունն են հայտնել Կոնգրեսում հանրապետականների ներկայացուցիչ Էրիկ Քանտորը, ինչպես նաև ՍԵնատի՝ պաշտպանության գծով հանձնաժողովի նախագահ Կառլ Լևինը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Սիրիայի հարցով նախագահի ներկայացրած բանաձևը սեպտեմբերի 9-ին։

Հարկ է նշել, որ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի հավանական կիրառումը ստուգելու և քննելու նպատակով Սիրիա ժամանած ՄԱԿ փորձագետները լքել են երկիրը օգոստոսի 31-ին, սակայն դեռևս որևէ զեկույց չեն ներկայացրել։ Փոխարենը, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները պարբերաբար կոչ են անում ռազմական գործողություններ սկսել Սիրիայում՝ չնայած որ Արևմուտքում այս հարցում միակարծություն չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *