Բրազիլիան ու Մեքսիկան բացատրություն են պահանջել ԱՄՆ հետախուզությունից

Սեպտեմբերի 2-ին Բրազիլիայի ու Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունները կանչել են ԱՄՆ դեսպաններին՝ ԱՄՆ ԱԱԳ-ի կողմից գաղտնալսումների ու գաղտնի նամակագրության ընթերցումների հետ կապված լուրերի առնչությամբ բացատրություն պահանջելու նպատակով։

Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդենը

Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, Մեքսիկայի ԱԳՆ-ն պնդել է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը «հանգամանալից հետաքննություն սկսի»՝ պարզելու համար, թե ովքեր և ինչու են հետևել ներկայիս նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նամակագրությանը։ Մեքսիկայի ԱԳՆ-ից հավելել են, որ դեռևս կխուսափեն եզրակացություններից, սակայն լուրը հաստատվելու դեպքում դա կհամարեն միջազգային նորմերի խախտում՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր։

Իր հերթին, Բրազիլիայի կառավարությունը առավել կոշտ որակավորումներ է տվել տեղեկության արտահոսքին՝ շեշտելով, որ ԱՄՆ հետախուզության քայլերը «անհանդուրժելի միջամտություն են Բրազիլիայի ներքին գործերին»՝ պահանջելով անհապաղ բացատրություններ տալ։ Ընդ որում, Բրազիլիան ակնկալում է սկզբանական շրջանում գրավոր բացատրություն ստանալ ԱՄՆ դեսպանից։

Հիշեցնենք, որ համաձայն ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ ամերիկյան լրագրող Գլեն Գրինոուլդին տրամադրած փաստաթղթերի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) հետևել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի, ինչպես նաև Մեքսիկայում այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Էնրիկե Պենյան Նյետոյի նամակագրությանը։

Համաձայն դրանց՝ ամերիկացիները պարբերաբար ընթերցել են 2012-ի հունիսից գրված Նյետոյի նամակները, որոնցում Մեքսիկայի ապագա նախագահը քննարկում է մյուս թեկնածուներին։ Բացի այդ, գաղտնալսվում էր նրա հեռախոսը, և ընթերցվում էին բջջային հաղորդագրությունները։ Ընդ որում, Գրինուոլդը չի հստակեցրել՝ արդյոք Պենյա Նյետոյի նկատմամբ հետախուզական գործողությունները շարունակվել են վերջինիս՝ նախագահ դառնալուց հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *