Գերմանիայի ու Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները սեպտեմբերի 2-ին իրենց կառավարություններին ներկայացրել են «վկայություններ» Սիրիայի իշխանությունների՝ Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման իրականացման վերաբերյալ։ Հետախուզական ծառայությունների ղեկավարները մեկնաբանել են իրավիճակը լրատվամիջոցների համար։
Սակայն, ինչպես նշում է գերմանական Der Spiegel ամսագիրը, Բաշար Ասադի վարչակազմի «մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում ցույց են տալիս բազում վկայություններ, բայց անհերքելի ապացույցներ դեռևս չկան»։
Ըստ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Հերխարդ Շինդլերի՝ նյարդակաթվածային զարինը տարածելու տեխնիկական հնարավորություն ուներ միայն Սիրիայի կառավարությունը, ինչի մասին վկայում են գերմանական հետախուզության կողմից գաղտնալսված հեռախոսազրույցները։
Իր հերթին, ֆրանսիական հետախուզական ծառայությունը ևս խոսել է իր ունեցած վկայությունների մասին։ Համաձայն «Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալների՝ Ֆրանսիան որպես ապացույց ներկայացնում է արբանյակից արված լուսանկարները, որտեղ, ըստ աղբյուրի, «ակնհայտ երևում է՝ քիմիական հարձակումը սկիզբ է առել կառավարական զորքերի կողմից վերահսկվող վայրից»։
Բացի այդ, Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է պատժել Ասադի վարչակազմին՝ «քիմիական զենքի կիրառման համար», ուստի ծրագրում է Սիրիայի դեմ մարտական գործողությունների նպատակով ստեղծել ռազմական դաշինք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան հրաժարվել էր Սիրիայի դեմ ռազմական գործողությունների մասնակցությունից։ Նույն դիրքորոշումն էր որդեգրել նաև Գերմանիան։
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ապացույցներ է ստացել Դամասկոսում նյարդակաթվածային թունավոր զարին գազի կիրառման վերաբերյալ, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել լրատվամիջոցներին՝ պատճառաբանելով, որ «Կոնգրեսը դեռ քննարկում է այս հարցը»։ Քերին վկայել է, որ ապացույցները հավաքվել են դեպքի վայրում՝ Ղուտայի բնակիչների մազերի ու մաշկի տարբեր տարրալուծական հետազոտությունների միջոցով։
Սեպտեմբերի 2-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում քիմիական զենքի կիրառման ԱՄՆ տրամադրած ապացույցներն անվանել է «ոչ համոզիչ, որոնք ոչ մի հստակ տեղեկություն չեն պարունակում»։ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ տվյալներում չկան ոչ մի աշխարհագրական կոորդինատ և անուններ, ուստի կասկած է հարուցում այն, որ քննությունը կատարվել է մասնագետների կողմից։ ՌԴ արտգործնախարարը խոստովանել է՝ ԱՄՆ-ն հրաժարվել է իրենց առավել մանրամասն տվյալներ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ դրանք դեռևս գաղտնի են։