Թուրքիայում սեպտեմբերի 2-ին սկսվում է Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով դատավարությունը: Գործով անցնում է 103 զինվորական: Դատավարությունն անցկացվում է Անկարայի ծանր հանցագործողությունները քննող 13-րդ դատարանում, տեղեկացնում է CNNTurk-ը:

Դատարանի մոտ արդեն ոստիկանական ստորաբաժանումներ են սկսել հերթապահել. անվտանգության աստիճանը բարձրացված է: Սպասվում է, որ դատավարության առաջին փուլը տևելու է մինչ սեպտեմբերի 6-ը:

Գործով անցնող հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն է, որի համար մեղադրող կողմը պահանջելու է առավելագույն պատիժ, այն է` ցմահ ազատազրկում:

Հետաքրքիր է, որ համանման պատիժներ են պահանջում նաև գործող անցնող մյուս 102 մեղադրյալի համար:

Նշենք, որ այս գործով հետաքննությունը սկսվել էր հեղաշրջումից շուրջ 14 տարի անց միայն, երբ համապատասխան թուրքական օրենքներն իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ փոփոխություններ էին ենթարկվել և հնարավոր էր դարձել զինվորականների պատասխանատվության կանչել:

Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցավ «թավշյա հեղաշրջում», որը հայտնի է նաև հետմոդեռնիստական հեղաշրջում անունով:

1995 թվականին իսլամամետ «Բարօրություն» («Ռեֆահ») կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում և կոալիցիոն  կառավարություն կազմեց «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ:

Թուրքիայի 54-րդ կառավարությունը ստացավ «Ռեֆահյոլ» անվանումը, իսկ այն  գլխավորեց  «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը:

Վարչապետ Էրբաքանի կաբինետն անմիջապես աչքի ընկավ իսլամի տարածմանն ուղղված քայլերով`  դպրոցում ուսուցումը դարձավ 8 տարի, մտցվեցին Ղուրանի դասընթացներ, կանանց  թույլատրվեց գլխաշորով այցելել ուսումնական և պետական հաստատություններ, կրոնական դպրոցների դիպլոմների աստիճանը զգալի բարձրացվեց:

Այս ամենը չէր կարող անարձագանք մնալ թուրքական զինվորական շրջանակներում. Թուրքիայի զինված ուժերը տասնամյակներ շարունակ եղել են պետության աշխարհիկ հիմքերի պաշտպանը:

Եվ այսպես, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (MGK) արտահերթ նիստ, որը շարունակվում է 9 ժամից ավել:

Նիստին մասնակցած բարձրաստիճան զինվորականները գործող կառավարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել կրոնական ազդեցության մեծացումը: Նիստից հետո զինվորականները կառավարությանն են ներկայացնում իրենց պահանջների փաթեթը, որով կոչ էր արվում անմիջապես հետ կանգնել կրոնական ուղղվածություն ունեցող որոշումներից:

Ճնշման ներքո Էրբաքանի կառավարությունը ստիպված է լինում հրաժարական ներկայացնել: Իսկ արդեն 1998 թվականի հունվար ամսին Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռում է փակել «Բարօրություն» կուսակցությունը` «պետության աշխարհիկ հիմքերը խարխլելու» մեղադրանքով:

Նշենք, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը «Բարօրության» կուսակցության ակտիվ գործիչներից է եղել և 1997 թվականին զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:

1998 թվականին Էրդողանը դատապարտվում է 1 տարվա ազատազրկման` Սղերթում ելույթի ժամանակ, ըստ դատարանի, «կրոնական, ազգային ատելություն տարածելու» մեղադրանքով` իսլամիստական բնույթի բանաստեղծություն արտասանելու համար:

Մասնավորապես, հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները` մեր զորանոցները, իսկ հավատացյալները` զինվորները» (իսկ այս տողերը պատկանում են երիտթուրքական և թուրք ազգայնական գաղափարախոս Զիյա Գյոքալփին):

Դատարանը հետագայում Էրդողանի 1 տարի ազատազրկումը դարձնում է 10 ամիս, ապա 4 ամիս:

2 responses to “

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 1-7 | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: 2013-ին Թուրքիայի 6 կարևորագույն ռազմական իրադարձությունները (տեսանյութ) | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *