Լեհական Միստա (Mista) ընկերությունը ստացել է ուկրաինական Դոզոր-Բ զրահամեքենայի արտադրության արտոնագիր, որը փոխանցել է ուկրաինական «Ուկրինմաշ» ընկերությունը, որ մտնում է «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցերնի մեջ:
Զրահամեքենան նախագծվել է 2005թ Խարկովի՝ Մորոզովի անվան նախագծման բյուրոյի կողմից (ХКБМ), սակայն պատվիրատու չի ունեցել Ուկրաինայում: 2013-ին Ուկրինմաշի կողմից լեհական կողմի համար ստեղծվել է զրահամեքենայի փորձնական օրինակ: Փորձնական օրինակն ու փաստաթղթերը փոխանցվել են պատվիրատուին, իսկ ուկրաինական մասնագետները խորհրդատվություն են իրականացնում: Գործարքի արժեքը դեռ չի նշվում:
Հատկանշական է, որ լեհական Mista ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական և հողի հարթեցման տեխնիկայի արտադրությամբ: Լեհական կողմը նշում է, որ արդեն կան զրահամեքենայի հնարավոր պատվիրատուներ:
Նշենք, որ 4×4 ընթացային մասով Դոզոր-Բ զրահամեքենան նախատեսված է անձնակազմի ու բեռների տեղափոխման, թեթև սպառազինության, կապի ու այլ սարքավորումների տեղադրման համար: Անձնակազմը 3 մարդ է, կարող է տեղափոխել 8 հոգանոց դեսանտային խումբ: Դոզոր-Բ-ի առավելագույն արագությունը մոտ 100կմ/ժ է, սպառազինված է հեռակառավարվող ՆՍՎՏ զենիթային գնդացրով: Զրահը ապահովում է պաշտպանություն 7,62մմ փամփուշտներից: