Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտությանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օգոստոսի 29-ի երեկոյան քննարկել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian բրիտանական պարբերականը, ռազմական միջամտությանը մասնակցելուն կողմ են քվեարկել 272, դեմ 285 հոգի։

Քննարկում՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Քննարկում՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Քվեարկությունից անմիջապես հետո բանաձևի նախաձեռնող, վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է՝ իր համար արդեն պարզ է «ժողովրդի ու խորհրդարանի կամքը, և ինքը հարգում է կայացրած որոշումը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՄԱԿ ԱԽ մշտական անդամները քննարկել էին նաև Սիրիայի խաղաղ բնակչությանը «քիմիական զենքից պաշտպանելուն ուղղված» բանաձևը։ The Guardian-ի փոխանցմամբ՝ քննարկումից հետո անդամ երկրների ներկայացուցիչները լքել են մասնաշենքը պահեստային ելքով՝ հրաժարվելով մեկնաբանություններ տալ։
Հավելենք, որ ամերիկյան աղբյուրները հակասական տեղեկություններ են հաղորդում։ Օգոստոսի 29-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հաֆֆը հայտարարել էր, որ Օբաման չի պատրաստվում Իրաքի սցենարը կրկնել Սիրիայում, նախագահը վերջնական որոշում չի կայացրել, սակայն հաստատում է՝ «Սիրիայում ոչ թռիչքային գոտի չի հայտարարվի»։
Այնուհանդերձ, ամերիկյան The New York Times-ը գրում է, որ Բարաք Օբաման մտադիր է ռազմական գործողություններ ծավալել Սիրիայում՝ առանց նույնիսկ ՄԱԿ-ի ու Մեծ Բրիտանիայի համաձայնության։

Պարբերականը ենթադրում է, որ օգոստոսի 29-ի երեկոյան արդեն իսկ Կոնգրեսի հետ քննարկվել են Սիրիային օդային հարվածներ հասցնելու և քիմիական զենքի կիրառման անհերքելի ապացույցներ ներկայացնելու մանրամասները։
Հիշեցնենք, որ Սիրիայի շուրջ կրքերը բորբոքվեցին հատկապես, երբ օգոստոսի 21-ին Դամասկոսին կից Հուտա շրջանում քիմիական հարձակում իրականացվեց։ Սիրիայի կառավարությունը պնդում է՝ հարձակման ողջ պատասխանատվությունը կրում են զինյալները, իսկ գրոհայինները հակառակ վարկածն են առաջ քաշում։ Վերջնական արդյունքների հանգելու նպատակով՝ Սիրիա են ժամանել ՄԱԿ-ի փորձագետները, որոնք դեռևս չեն շտապում զեկույց ներկայացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *