Հնդկաստանը «ՄիԳ»-ի հետ նոր պայմանագրեր է կնքել

Ռուսաստանյան «ՄիԳ» ավիաշինական կորպորացիան և հնդկական Basant Aerospace Privet Limited ընկերությունը երկու պայմանագիր են կնքել, որով նախատեսվում է Հնդկաստանի տարածքում կառուցել ՄիԳ-29ՈւՊԳ կործանիչների վերանորոգման կենտրոններ։

ՄիԳ-29ՈւՊԳ

ՄիԳ-29ՈւՊԳ

 

Համապատասխան պայմանագիրը ռուսական և հնդկական կողմերը կնքել են ՄԱԿՍ-2013 ավիացուցադրության ժամանակ։ Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 55 մլն ամերիկյան դոլար։

Առաջին համաձայնագրով նախատեսվում է Հնդկաստանում ստեղծել ռուս-հնդկական համատեղ սպասարկման կենտրոն, որտեղ կվերանորոգվեն «Ժուկ-ՄԷ» ՄիԳ կործանիչների վրա տեղադրված ռադիոտեղորոշիչ սարքերը։ Այս պայմանագրի արժեքը կազմել է 42 մլն ամերիկյան դոլար։

Երկրորդ պայմանագիրը նախատեսված է ՄիԳ-29ՈւՊԳ կործանիչների սարքերի վերանորոգման կենտրոնի ստեղծման համար և կազմում է 12 մլն ամերիկյան դոլար։

Նշվում է, որ առաջիկայում կողմերը կարող են ևս մեկ պայմանագիր կնքել, որով Հնդկաստանի տարածքում կստեղծվի կործանիչների պահեստամասերի պահեստ։

Ներկայում «ՄիԳ» գործարանը զբաղվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29-ը կործանիչներն արդիականացնելու գործընթացով, ինչի արդյունքում դրանք վերածվում են ՄիԳ-29ՈւՊԳ-ների։ Համապատասխան պայմանագիրը, որի արժեքը 900 մլն ամերիկյան դոլար է, կնքվել է 2009 թվականին։ Հնդկաստանը նախատեսում է արդիականացնել 69 միավոր ՄիԳ-29։

Նշենք, որ ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչի արտադրությամբ զբաղվում է «Միկոյան և Գուրևիչ» գործարանը։ Առաջին թռիչքը կատարել է 1977 թվականին, իսկ արտադրությունը սկսվել է 5 տարի անց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *