Սիրիայում ռազմական միջամտության հավանականությունը մեծանում է

Դեռևս օգոստոսի 26-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները պատրաստ են «գործել Սիրիայում՝ առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանության»։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու նրանց դաշնակիցները մտադիր են «այդպիսով պատասխան տալ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի օգտագործմանը»։

Հեյգը շեշտել է, որ անհնար է հստակ պատասխան ստանալ ՄԱԿ-ից այս հարցում, քանի որ Անվտանգության խորհրդում միակարծությունը բացակայում է։

Ավելի վաղ Ռուսաստանն  ու Չինաստանը արգելափակել էին Արևմուտքի երկրների՝ Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ բանաձև ընդունելու փորձերը։

Չնայած նրան, որ ՄԱԿ-ի փորձագետները դեռևս որևէ եզրահանգումների չեն եկել, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար պնդում է, որ անկախ նրանից՝ ինչ քայլեր կձեռնարկեն, կգործեն օրենքի ու ՄԱԿ-ին ներկայացվելիք փորձաքննության արդյունքների շրջանակներում։

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին՝ ասելով՝ «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Քարրը հայտարարել է՝ քիմիական զենքի կիրառումը հաստատվելու դեպքում Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտությունն անխուսափելի է, եթե նույնիսկ ՄԱԿ-ի կողմից հաստատված չէ։ Փաստորեն, Ավստրալիան, որը սեպտեմբերի 1-ին ստանձնելու է ՄԱԿ ԱԽ նախագահությունը, հնարավոր է համարում Սիրիայում այս կամ այն ծավալի ռազմական գործողությունների ծավալումը՝ նույնիսկ ՄԱԿ-ի չհամաձայնելու դեպքում։ Ավելին, Քարրը կոչ է արել Ռուսաստանին ու Չինաստանին «վերանայել Սիրիայի հարցում իրենց դիրքորոշումը»՝ հաավստիացնելով՝ շուտով այս 2 երկրներին կտրամադրվեն անհերքելի փաստեր։

Հավելենք, որ օգոստոսի 27-ին «Ռոյթերս» գործակալությունը տեղեկություններ էր հրապարակել։ Համաձայն դրանց՝ ԱՄՆ ու Եվրոպայի երկրների դիվանագետները հանդիպում են ունեցել Սիրիայի զինյալների առաջնորդների հետ՝ նրանց զգուշացնելով մոտ օրերս Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու իրենց մտադրության մասին։

Ընդ որում, Սիրիայում Ասադի հակառակորդներն Արևմուտքի երկրների հրամանատարներին են փոխանցել այն բոլոր թիրախների ցուցակը, որոնք պետք է ՌՕՈւ ուժերի միջոցով հրթիռակոծվեն։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը BBC-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն արդեն պատրաստ վիճակի է բերված՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածներ հասցնելու նպատակով։ Նրանք սպասում են Բարաք Օբամայի հրամանին։

Հարկ է նշել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օրերս հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ քննարկել էին Սիրիայի հարցը։ «Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել։ Մենք դեռ հույս ունենք, որ մեր արևմտյան գործընկերներն իրենց քաղաքականությունը ոչ թե ռեակտիվ, այլ ռազմավարական ձևով կիրագործեն»,-նշել է Լավրովը նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ շեշտելով՝ Սիրիայում հնարավոր արտաքին զինված միջամտության դեպքում Ռուսաստանը չի մասնակցի ռազմական գործողություններին։

Իսկ օգոստոսի 27-ին հայտնի էր դարձել, որ Իտալիան ևս դեմ է առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմանման Սիրիայի ներքին համամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելուն։

Ժամեր առաջ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռները Սիրիայից տարհանում են Ռուսաստանի քաղաքացիներին։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, բարդ է ասել՝ իրավիճակի զարգացումն ինչին կհանգեցնի։ Պարզ է միայն այն, որ ՌԴ ու ԱՄՆ քննարկումները՝ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու առնչությամբ, հետաձգվում են։ ՄԱԿ-ի փորձագետները ևս չեն շտապում զեկույց ներկայացնել։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *