Ազատամարտիկներին Վանաձորում չեն խանգարել. նրանք այս շաբաթ կլինեն նաև Կապանում

«Վանաձորում երեկ տղաները դադարեցրին նստացույցը։ Մենք այդպես էինք պայմանավորվել, որ մեզնից հետո ևս երկու օր նստացույց կանեն ու կդադարեցնեն»։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների խորհրդի համակարգող, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյո՞ք նստացույցը խոչընդոտողներ եղել են, Ավետիսյանը հերքեց՝ նշելով, որ ընդհակառակը, մարզպետից ու քաղաքապետից դրական արձագանքներ են ստացել։

«Վանաձորում մեր առաքելությունն ավարտված եմ համարում»,- նշեց պահեստազորի փոխգնդապետը։

«Մենք այս շաբաթ գնալու ենք Կապան։ Նախապես պայմանավորվել ենք այնտեղի տղաների հետ։ Կգնանք, նրանց հետ կխոսենք, կասենք իրավիճակն ինչպիսին է»,- տեղեկացրեց Վոլոդյա Ավետիսյանը։

Նշենք, որ օգոստոսի 21-ին Ազատամարտիկների խորհուրդը անժամկետ նստացույց էր սկսել Վանաձորում։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց սկսեց Ազատության հրապարակում։ Դրանից հետո նրան միացան բազում ազատամարտիկներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի մարզերից։ Հունիսի 7-ին նրանց ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու լսեց նրանց առաջարկների մասին։

Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից:

Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *