Այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտնի է դարձել, որ ադրբեջանական «Խազար-Լենքորան»-«Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ գրանցված բախումների ժամանակ վիրավորվել են մի քանի զինծառայողներ։
Նշենք, որ համաձայն նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 25-ին Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպմանը «Խազար-Լենքորանի» երկրպագուներն առաջին խաղակեսից հետո հավաքվել են «Նեֆթչիի» տրիբունաների մոտ՝ սադրիչ ու վիրավորական արտահայտություններ վանկարկելով։ Վեճը վերածվել է ուժգին բախումների։
Անկարգություններ թույլ չտալու նպատակով միջամտել են Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի աշխատակիցները։ Կիրառվել է նաև արցունքաբեր գազ։
Տուժածների ու մարզադաշտին հասցված վնասների մասին տեղեկությունները ստացվել են միայն այսօր։ 7 երկրպագուների դեմ քրեական գործ է հարուցվել՝ զենքի օգնությամբ խուլիգանական գործողություններ կատարելու հոդվածով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկա դրությամբ բախումների պատճառով գրանցվել է ներքին զորքերի 5 վիրավոր, ոստիկանական զորքերից՝ 1 վիրավոր սպա։ Նրանցից մի քանիսն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։