FARC-ի դարանի պատճառով 13 կոլումբացի զինծառայող է սպանվել

«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) կազմակերպած դարանի պատճառովԿոլումբիայի զինված ուժերի զինծառայողներ են սպանվել։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը, հարձակումն իրականացվել է Կոլումբիայի արևելյան Արաուկա շրջանում օգոստոսի 25-ին։

FARC-ի կազմակերպած դարանի հետևանքով, ըստ ոչ վերջնական տվյալների, առնվազն 13 զինծառայող է սպանվել։

Զինյալների կորուստների վերաբերյալ տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Նշենք, որ նույն շրջանում հուլիս ամսին ևս 15 կոլումբացի զինծառայող էր սպանվել FARC-ի անդամների կողմից։

Հարձակումն իրականացվել է Կոլումբիայի կառավարության և զինված կազմակերպության միջև 2012 թվականից սկիզբ առած բանակցությունների դադարի շրջանում։ Կուբայում ընթացող բանակցությունների ժամանակ առաջ է քաշվել 6 կետ, որից հողային բարեփոխումների հարցում կողմերը համաձայնության էին եկել։ Ներկայում բանակցությունները ժամանակավորապես դադարեցված են, սակայն սպասվում է, որ առաջիկայում դրանք կվերսկսվեն։

Նշենք, որ FARC-ն իր ակտիվ գործունեությունը սկսել է 1964 թվականին։ Այն մարքսիստական ծայրահեղ ձախաթևյան կազմակերպություն է, որը երկար տասնամյակներ զինված պայքար է մղում Կոլումբիայի կենտրոնական իշխանությունների դեմ։ Կոլումբիայի կառավարությունը FARC-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Կոլումբիայի պատմական հիշողության ազգային կենտրոնի տվյալներով՝ Կոլումբիայի կառավարության և FARC-ի միջև զինված բախումների հետևանքով 220 հազար մարդ է զոհվել։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *