Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի զինյալ

Օգոստոսի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Քյոհնե գյուղի բնակիչ Խաչմազ Հաջիև Թալեհ Սահիբշահ օղլուն սպանվել է Սիրիայում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով գյուղի բնակիչների վկայություններին, պատմել են, որ Հաջիևը կռվում էր Ասադի հակառակորդ զինյալների կողմից, և սպանվել է վերջին օրերին տեղի ունեցած մարտերի ժամանակ։

Փաստի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն հնչել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին հայտնի էր դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդ ուժերի շարքերում կռվող ադրբեջանցի զինյալների թվաքանակը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղելով Սիրիայի գրոհայինների կայքերին, հաղորդում էին՝ Սիրիայի կառավարական բանակի դեմ կռվող գրոհայինների տարբեր խմբավորումների շարքերում կան 60 ադրբեջանցիներ։ Ընթացող մարտերում մահացել է ավելի քան 30 ադրբեջանցի։

Այնուհանդերձ, հակամարտությունների գծով վերլուծաբան Արիֆ Յունուսը դեռևս հուլիսի 11-ին հայտարարել էր, որ Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում կռվում են 300-ից ավելի ադրբեջանցի զինյալներ, որոնցից 100-ը՝ Սիրիայում։ Ադրբեջանի՝ քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցները հուլիսի կեսերին գրում են. «Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում են 400 ադրբեջանցի գրոհայիննոր, որոնցից 3-ը կին են»։

Հավելենք, որ Սիրիայի ներքին հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանը կտրականապես հերքում էր, որ վարձու ադրբեջանցի զինվորներ են մարտնչում Ասադի դեմ, սակայն վերջին ամիսների ընթացքում, հաշվի առնելով թերևս ապացույցների և վկայությունների մեծ քանակը, Ադրբեջանը զերծ է մնում առհասարակ վարձու զինվորների թեման բարձրացնելուց։

Խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինյալների մասնակցության փաստը հաստատելու դեպքում Ադրբեջանը հարկադրված կլինի ընդունել, որ ադրբեջանցիները, հիմնականում ահաբեկչական խմբավորումների կազմում, վարձու կամ կամավոր մասնակցել են Սիրիայի ներքին հակամարտությանը։ Դա միանշանակ վատ կանդրադառնա թե´ Ադրբեջանի միջազգային վարկանիշի, թե´ Սիրիայի հետ հարաբերությունների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *