Սնոուդենը բացահայտել է համացանցային հետախուզման բրիտանական բազաները

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ բրիտանական հատուկ ծառայությունները Մերձավոր Արևելքում գաղտնի բազաներ ունեն, որոնք որսում են էլեկտրոնային երկխոսությունները, համացանցային թրաֆիքը, տարածաշրջանում հեռախոսազրույցների ողջ տեղեկությունները։

Մեծ Բրիտանիայի իշխանություններն այդպիսով տեղեկություններ են ստանում՝ միանալով օպտիկամալուխային հաղորդալարերին։

Այնուհանդերձ, բրիտանական կառավարությունը պնդում է, որ նման բազաները ծառայում են ահաբեկչության դեմ պայքարի նպատակին, քանի որ «նախապես տեղեկություններ են ստացվում սպասվելիք ահաբեկչական հարձակումների վերաբերյալ»։

Սնոուդենի վերոհիշյալ փաստաթղթից տեղեկություններ հայտնող բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը հրաժարվել է տրամադրել տեղեկություններն ամբողջությամբ։ Հայտնի չէ, թե Մերձավոր Արևելքի բրիտանական նմանօրինակ բազաները որ շրջանում են տեղակայված։ Պարբերականը հիշեցնում է, որ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հանգամանալից հրապարակման պատճառով The Guardian-ը լուրջ խնդիրներ է ունեցել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ։

Հավելենք, որ Էդվարդ Սնոուդենը, որն աշխատում էր ԿՀՎ-ում, 2013-ի ամռան սկզբին բրիատանական The Guardian-ին ու մի շարք առաջատար լրատվամիջոցների էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։ Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։ Ըստ Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքագրման այդ համակարգը կիրառվում է օրենքից դուրս, բայց համաշխարհային մակարդակով հայտնի համացանցային ու բջջային կապի ընկերությունների ներքին համաձայնությամբ։ Սնոուդենը բացի ամերիկյան գաղտնի փաստաթղթերից, տեղեկություններ է հրապարակել վերջիններիս եվրոպական ծառայակիցների հետ համագործակցության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մամուլի՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակման ժամանակ Սնոուդենն արդեն իսկ լքել էր ԱՄՆ-ն և Հոնկոնգում էր։ Հունիսի վերջին նա ժամանել էր Մոսկվա՝ Շերեմետյեվո օդանավակայանում մնալով 40 օր։ ՌԴ իշխանությունները նրան տրամադրել են 1 տարի ժամկետով ժամանակավոր ապաստարան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *