Ադրբեջանի ռազմագերիների հարցով հանձնաժողովի քարտուղարը խոսել է հայ ռազմագերու մասին

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ադրբեջանի Գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հանդես է եկել հայտարարությամբ։

Վերջինս, անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին, նշել է, որ «հանձնաժողովը որևէ խնդիր չի տեսնում հայ ռազմագերու՝ Հայաստան վերադարձի հետ կապված»։

Ստորև մեջբերում ենք Սաիլովի խոսքերն առանց փոփոխության.

«Երեկ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին։ Հնարավոր է նաև, որ պարզել են՝ արդյոք ռազմագերին ուզում է վերադառնալ Հայաստան, թե անցնել երրորդ երկիր։ Ամեն ինչ կախված է իր ցանկությունից։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում։ Երբ պարզվի, թե ինչու է նա հատել սահմանը, ռազմագերին կարող է վերադառնալ Հայաստան կամ անցնել երրորդ երկիր»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Երեկ՝ օգոստոսի 20-ին, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների միջոցով ռազմագերու հարազատներին փոխանցվել է վերջինիս կողմից գրված նամակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *