Եթե նամակ լինի Հակոբից, ապա այն պետք է տեղ հասնի այսօր կամ վաղը. Լարիսա Ալավերդյան

Այսօր արդեն 8-րդ օրն է, ինչ Ադրբեջանում գերի է պահվում պատահաբար այդ երկրի կողմից հսկվող տարածք անցած Հակոբ Ինջիղուլյանը։ Ըստ միջազգային չափորոշիչների՝ ռազմագերին պետք է լուր ուղարկի Կարմիր Խաչի միջոցով գերի ընկնելուց հետո 1 շաբաթվա ընթացքում։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հակոբ Ինջիղուլյանից հայկական կողմը դեռևս որևէ նամակ չի ստացել։

Փաստի առթիվ Ռազմինֆոն զրուցեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ ՊՆ առընթեր անհայտ կորածների, պատանդների և զինգերիների հարցերի, Միգրացիայի եւ փախստականների վարչությանը կից փորձագիտական խորհրդի, ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի և աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ։

«Ժնևյան կոնվենցիայի 70-րդ հոդվածի խախտում է, որ 1 շաբաթ է,  ու նամակ չկա։ Հարցն այն է, որ Բաքվի Կարմիր Խաչը մեր ռազմագերուն չի այցելել, իսկ առանց իրենց նրան նամակ գրելու հնարավորություն չի տրվի»,- նշում է Լարիսա Ալավերդյանը։

Ըստ տկն Ալավերդյանի՝ բարենպաստ գործոն է, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան։

«Այն, որ Ադրբեջանը նշել է, որ Հակոբն իրոք մոլորվել է, ինձ հույս է տալիս։ Բացի այդ, Ֆիրուզը ցանկություն է հայտնել վերադառնալ։ Իսկ նման դեպք առաջին անգամ չի լինում։ Թե ինչ է սպասվում նրան Ադրբեջանում, ոչ ոք դեռ չի կարող ասել»,- պարզաբանում է տկն Ալավերդյանը։

«Ես հասկանում եմ նաև զինծառայողի ընտանիքին՝ նրանց անհանգստությունը վերին աստիճանի տեղին է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Տեղեկացնենք, որ այսօր Դրագանա Ռակովիչիի հետ հանդիպել է նաև ՀՀ ԱԳՆ տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Նախարարությունից հարազատներին վստահեցրել են, որ իրենք էլ են իրենց հնարավորությունների չափով  աշխատում այս ուղղությամբ։

Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ «Փոխնախարար Հովակիմյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպմանը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարևորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը: Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *