Ռազմագերու բարեկամները նորության են սպասում ԿԽՄԿ-ի դիմաց

Ադրբեջանի տարածքում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատները շարունակում են լուրերի սպասել ԿԽՄԿ երևանյան գրասենյակի առջև։ Ռազմինֆոյի հետ զրույցում Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը, նշեց, որ դեռևս նորություն չկա , թեև ԿԽՄԿ պատվիրակը, իրենց այնտեղ տեսնելով, ընդունել ու նույն բաներն է կրկնել։

 

 

Ըստ Արմանի՝ այն, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան, Հակոբի ծնողներին փոքր-ինչ հույս է տալիս։

Ռազմագերու բարեկամները արդեն մի քանի օր է՝ հավաքվում են Կարմիր խաչի գրասենյակի դիմաց և մինչև աշխատանքային օրվա ավարտը սպասում ինչ-որ նորության։

Նշենք, որ այսօր Դրագանա Ռակովիչիի հետ հանդիպել է նաև ՀՀ ԱԳՆ տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Նախարարությունից հարազատներին վստահեցրել են, որ իրենք էլ իրենց մակարդակով են ինչ-որ բան անում։

Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ «Փոխնախարար Հովակիմյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպմանը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարևորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը: Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով»։

Տեղեկացնենք, որ օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ: Պատվիրակը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակին հայտնել է, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան:

Ֆարաջևը նաև հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը տեղյակ է ռազմագերու մասին, սակայն առայժմ որևէ հստակ գործողություն չի իրականացվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *