Հայ ռազմագերու վերադարձը որևէ իրավական հետևանք չի առաջացնի նրա համար. վերահաստատում են ՊՆ-ից

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատել է, որ օրերս Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին դեմ որևէ իրավական գործողություն չի իրականացվի, եթե նա վերադառնա Հայաստան։

«Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը:

Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,-նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցված դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *