ՄԱԿ-ի տեսուչները կմեկնեն Սիրիա՝ քիմիական զենքի կիրառման հավանական դեպքերը հետաքննելու

ՄԱԿ-ին հաջողվել է համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների հետ։ Ըստ այդմ, ՄԱԿ-ի տեսուչները կարող են տեղում հետաքննություն անցկացնել՝ Սիրիայի հակամարտող կողմերի՝ քիմիական զենքի հավանական կիրառման հետ կապված։

Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի՝ օգոստոսի 14-ին հրապարակած հայտարարության մեջ։

Ըստ համաձայնագրի՝ տեսուչներն իրավասու են մնալ Սիրիայում շուրջ 14 օր, սակայն ժամկետը ենթակա է երկարացման, եթե կողմերը նոր համաձայնություն կնքեն։ ՄԱԿ-ը վկայում է, որ իր տեսուչները ներկայում պատրաստ են ուղևորվել Սիրիա։

Հիշեցնենք, որ բանակցությունները, որոնք եզրափակվել են վերոհիշյալ համաձայնագրի ստորագրմամբ, տևել են 2 շաբաթ։ Բանակցությունների նախաձեռնողն է Սիրիայի կառավարությունը, իսկ ՄԱԿ-ը հուլիսին ընդունել է առաջարկը։

Ընդ որում, սկզբում Սիրիայի իշխանություններն առաջարկում էին ՄԱԿ-ի միջազգային հանձնախմբին հետաքննել Խան ալ-Ասալեում գրանցված միջադեպը, որտեղ, ըստ Ասադի կողմնակիցների, զինյալները կիրառել են զարին թունավոր նյութ։ ՄԱԿ-ը, այնուհանդերձ, պնդել էր ոչ միայն այդ վայրում, այլև մի շարք քաղաքներում հանգամանալից հետազոտություն անցկացնել։

Հավելենք, որ դեռևս հունիսին ԱՄՆ նախագահական աշխատակազմը հայտարարել էր՝ տեղեկություներ ունեն Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք օգտագործելու մասին։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը հայտարարել էր՝ քիմիական զենքի կիրառման հավանակությունը մեծ է հենց Սիրիայի զինյալների շրջանում։

Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունն ընթանում է 2 տարուց ավել։ 2011-ի մարտին մեկնարկած հակակառավարական ցույցերը վերաճել են ներքին զինված բախումների։ Մի քանի միլիոն մարդ հարկադրված հեռացել է Սիրիայից, զոհերի թիվն անցնում է 100 հազարից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *