ՀՀ մասնակցությամբ տանկային բիաթլոնը կցուցադրվի ռուսական հեռուստաալիքներով

Ռուսական «Ռոսիա 1»(«Россия 1») հեռուստաալիքը սեպտեմբերից կցուցադրի օգոստոսի 12-17-ը ռուսական Ալաբինո զորավարժարանում ընթացող տանկային բիաթլոնը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստի լրատվական կայքը՝ հղում անելով Ռուսաստանի Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի փոխտնօրեն Դիմիտրի Մեդնիկովին։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Սեպտեմբեր ամսվա կեսերից ամեն շաբաթ մեկ ժամ տևողությամբ կցուցադրվի տանկիստների մրցությունը։ Ըստ ռուսական աղբյուրի՝ կցուցադրվեն օգոստոսի 15-ից նկարահանած տեսանյութերը։
Դիմիտրի Մեդնիկովի փոխանցմամբ՝ Ալաբինո զորավարժարանում աշխատում է շուրջ 100 տեսախցիկ, բացի այդ տեսախցիկներ են տեղադրվել յուրաքանչյուր տանկի վրա և թիրախների շրջակայքում։
Նշենք, որ տանկային բիաթլոնին մասնակցում է նաև Հայաստանը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի տանիկստների հետ։ Մերձմոսկովյան Ալաբինոյում օգոստոսի 17-ին կկայանա տանկային բիաթլոնի միջազգային մրցումների որոշիչ փուլը։
ՌԴ մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Իվան Բուվալցևի խոսքերով՝ տանկային բիաթլոնին մասնակցող երկրների պատվիրակությունները կմրցեն Տ-72 Բ տանկերով հավասար պայմաններում։
Նա նշել է, որ կազմակերպող կողմն ընտրել է հենց այս տեսակի տանկերը, քանի որ դրանցից իրենց սպառազինությունում ունեն բոլոր մասնակից երկրները։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի տանկիստներն արդեն Ալաբինո են այցելել, որտեղ ծանոթացել են տեղանքին և զորավարժարանի հնարավորություններին։
Նշենք, որ ՌԴ հաջորդ տարի կայանալիք տանկային բիաթլոնին հրավիրել է ԱՄՆ-ին, Իտալիային և Գերմանիային։
Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *