Ռուսաստանում սկսում են կառուցել հրթիռային հարձակման նախազգուշացման հերթական ռադիոտեղորոշման կայանը։
«Վորոնեժ-Մ» կայանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը կայանալու է այսօր՝ օգոստոսի 13-ին, ՌԴ Օրենբուրգի շրջանի Օրսկ քաղաքում։
ՌԴ ՊՆ ռազմաօդային-տիեզերական պաշտպանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը տեղեկացրել է, որ միաժամանակ քննարկումներ են մեկնարկելու՝ նոր ՌՏԿ-ի սպասարկման ենթակառուցվածքների, զինվորականներին՝ իրենց ընտանիքներով Օրսկ տեղափոխելու ուղղությամբ։
Ըստ ռուսական աղբյուրների՝ նոր ՌՏԿ-ն առանձնանալու է նրանով, որ մոդուլները հավաքվելու և փորձարկվելու են անմիջապես կայանման տեղում։ Տեղադրման համար պահանջվում է 1-1,5 տարի։
Զոլոտուխինը հիշեցրեց, որ ներկա դրությամբ Ռուսաստանի տարածքում գործում է 4 ՌՏԿ. ռազմական հերթապահության մեջ են Լենինգրադի շրջանում «Վորոնեժ-Մ» և Կրասնոդարի շրջանում «Վորոնեժ-ԴՄ» ՌՏԿ-ները, իսկ Կալինինգրադի ու Իրկուտսկի շրջանում «Վորոնեժ-ԴՄ» կայանները գործում են փորձնական-մարտական ռեժիմում։
Զոլոտուխինը շեշտել է, որ ընթացիկ տարում ՌՏԿ-ների կառուցման մեկնարկ է ակնկալվում նաև Կրասնոդարի ու Ալթայի շրջանում։