Իսրայելը հայտարարել է ՀՀՊ համակարգի միջոցով հրթիռի ոչնչացման մասին

Իսրայելում հավաստիացնում են, որ զինված ուժերի հակահրթիռային պաշտպանության համակարգին հաջողվել է որսալ երկրի տարածք արձակված հրթիռը։

Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգին հաջողվել է վնասազերծել հանգստավայրային Էյլաթ քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռը։ Վնասազերծման ժամանակ տուժածներ չեն եղել։

Ըստ նույն աղբյուրի՝ հրթիռն արձակվել է Սինայի թերակղզուց (Եգիպտոս), որտեղ գործում են տարբեր զինված խմբավորումներ։

Նշենք, որ Էյլաթը համարվում է Իսրայելի զբոսաշրջային կենտրոններից մեկը, որտեղ հանգիստ են անցկացնում նաև զբոսաշրջիկներ արտասահմանից։

Օրերս իսրայելցիները  ժամանակավորապես փակել էին Էլյաթի օդանավակայանը՝ կապված հարձակման վտանգի հետ։

Իսրայելի զինվորականների անհանգստությունը հիմնավորված էր, քանի որ Եգիպտոսի, Իսրայելի ու Հորդանանի սահմանին տեղակայված օդանավակայանը մի քանի անգամ ենթարկվել է հրթիռակոծման, որոնց ընթացքում զոհեր չեն գրանցվել։

Հավելենք, որ Սինայի թերակղզում զինյալների ակտիվությունը կտրուկ աճել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի գահընկեցությունից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *