«Նիժեգորոդսկի ավտոշինական գործարանը», որը մտնում է «Ալմազ Անթեյ» կոնցերնի կազմի մեջ, ներկայացրել է 2012 ֆինանսական տարվա հաշվետվությունը, որտեղ մի շարք հետաքրքիր կետեր են առկա։
Մասնավորապես, ռուսաստանյան գործարանի հաշվետվությունից հայտնի է դարձել, որ 2012 թվականին գործարանի մասնագետները սպասարկել են Ադրբեջանին և Ալժիրին վաճառված հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ։
Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնի, որի կազմի մեջ էլ մտնում է «Նիժեգորոդսկի ավտոշինական գործարանը», 2012 թվականի հաշվետվությունից հայտնի էր դարձել, որ ընկերության արտադրանքի զանազան անսարքությունների և դեֆեկտների հետ կապված 717 բողոքագիր է ներկայացվել, որից շուրջ 48 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։
Ադրբեջանը «Ալմազ-Անթեյից» գնել էր Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերի մինչև 2 դիվիզիոն։
Նշենք նաև, որ «Ալմազ-Անթեյ» կոնցերնը, որը հիմնադրվել է 2002 թվականին և միավորում է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ, զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ, այդ թվում նաև Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությամբ և սպասարկումով։