Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնը ներկայացրել է 2012 թվականի հաշվետվությունը։
Հաշվետվության երաշխիքային սպասարկման վերաբերյալ գլուխը պարունակում է բավականին հետաքրքիր տվյալների «Ալմազ-Անթեյի» հաճախորդների կողմից ստացված բողոքագրերի վերաբերյալ։
Մասնավորապես, հաշվետվությունում նշվում է, որ ընկերության հաճախորդները 2012 թվականին ներկայացրել են ընկերության արտադրանքի զանազան անսարքությունների և դեֆեկտների հետ կապված 717 բողոքագիր։ Ուշագրավ է, որ ընդհանուր անսարքությունների շուրջ 48 տոկոսը, բաժին է ընկել Ադրբեջանին։
Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ «Ալմազ-Անթեյը» չի հասցրել շտկել Ադրբեջանին վաճառված արտադրանքում առկա անսարքությունները, քանի որ ուշացվել է հանձնման-ստացման արձանագրության ստորագրումը, իսկ անսարք մասերի տեղափոխումը Ռուսաստան ուսումնասիրման և վերանորոգման համար ձգձգվել է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը «Ալմազ-Անթեյից» գնել էր Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերի մինչև 2 դիվիզիոն։
Նշենք նաև, որ «Ալմազ-Անթեյ» կոնցերնը, որը հիմնադրվել է 2002 թվականին և միավորում է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ, զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ, այդ թվում նաև Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությամբ և սպասարկումով։
Pingback: Հայաստանը պատրաստվում է ռուսաստանյան կոնցերնից ռադիոտեղորոշման կայան ձեռք բերել | Ռազմ.info