Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը լարված է դեռ օգոստոսի 5-ից: Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը` կրակ բացելով նաև Տավուշի Բերքաբեր,Վազաշեն գյուղերի վրա:
Ռազմինֆոյի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը նշեց, որ գյուղի վրա այլևս չեն կրակում:
«Կրակոցները մեր մարտական դիրքերի ուղղությամբ են»,- ասաց Մադաթյանը:
Գյուղապետը հերքեց նաև այն լուրը, թե գյուղացիներից մեկը վիրավորվել է հակառակորդի գնդակից:
«Նման բան չկա: Հիմա ամեն ինչ հանգիստ է, մենք մեր գործերով ենք զբաղված»,- նշեց Արթուր Մադաթյանը:
Հիշեցնենք, որ հայկական կողմը պատասխան գործողություն է ձեռնարկել, որի ընթացքում ադրբեջանական կողմն ունի կորուստներ: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Ադրբեջանի Պն խոսնակ Էլդար Սաբիրօղլուն: Նշենք, որ հակառակորդը չի հստակեցնում իր կորուստների թիվը:
Այս օրերին հայկական կողմն ունի երկու վիրավոր, որոնք գտնվում են Կենտրոնական ռազմական հոսպիտալում: