Օրվա ամփոփում. Հայ խաղաղապահները մեկնում են Աֆղանստան: «Կասպից տարածաշրջանում պատերազմի վտանգ կա». փորձագետ

Հայկական մամուլի ուշադրության կենտրոնում այսօր հիմնականում Իրանի և Սիրիայի շուրջ զարգացող իրադարձություններն են եղել: Սակայն, մինչ այդ նշենք, որ հայ խաղաղապահների հերթական խումբն է մեկնել առաքելության:

Քառասուն հոգուց կազմված հայ խաղաղապահների հերթական խումբն այսօր երեկոյան կմեկնի Գերմանիա, իսկ այնուհետև` վարժանքներ անցնելուց հետո՝ Աֆղանստան: «Սովորաբար զորքը Գերմանիայում մնում է 20 օր, որտեղ վերապատրաստման վարժանքներ է անցնում: Եվ միայն դրանից հետո խումբը կմեկնի Աֆղանստան` փոխարինելու Կունդուզում տեղեկայված հայ խաղաղապահ զորքին»,- ասել է ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը:

 

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • «Ներկայումս ոչ ոք չի խոսում ռազմական օպերացիայի մասին։ Դրա հետ մեկտեղ ԵՄ-ը պատրաստ է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Պատժամիջոցների նպատակը Իրանի կառավարության վրա ճնշում գործադրելն է։ Մենք պետք է Իրանին հասկացնենք, որ նա պետք է կատարի իր պարտավորությունները»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին Իրանում Թուրքիայի դեսպան Օմիթ Յարդիմի հետ ունեցած հանդիպման ժամանակ, խիստ քննադատելով ամերիկյան ռադարային համակարգերի տեղակայման մասին որոշումը, Թուրքիայի կառավարությունից պահանջել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի վերոնշյալ կայանները դուրս բերվեն Թուրքիայի տարածքից:
  • «Եթե այրվում է տան սենյակներից մեկը, կրակն անխուսափելիորեն կտարածվի նաև հարևան սենյակների վրա: Կրակի տարածումը կասեցնելու համար, որպեսզի մեր եղբայրներն ու քույրերը այլևս չտառապեն, մենք պետք է միավորենք մեր ջանքերն ու միասին մարենք կրակը»,- երկրում անկարգությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումից դժգոհ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
  • Իրանական միջուկային ծրագրի շուրջ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով, և Ռուսաստանը պատրաստ է առավելագույնս նպաստել այդ գործընթացին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ն Ռուսաստանից ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր որոշում, որը կոչ կանի դադարեցնել բռնությունը Սիրիայում:
  • Այս ամենի ֆոնին՝ Համաշխարհային անվտանգության հարցերորվ ամերիկյան փորձագետ Մայքլ Կլարը կարծիք է հայտնել, որ Կասպից ծովի տարածաշրջանը աշխարհի այն հավանական վայրերից է, որտեղ հնարավոր են զինված հակամարտություններ:
  •  Թուրքիայի Քիլիս նահանգի Օնջուփընարի շրջանի սահմանակետից Թուրքիա մտած եւ Սիրիա ուղեւորվող 5 բեռնատարների մեջ զենք են հայտնաբերվել և այժմ դրանք գտնվում են մաքսատանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *