«Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ զգալիորեն երկպառակված է ու թուլացած։
Ըստ ՄԱԿ-ի փորձագետների հրապարակած զեկույցի՝ «Ահաբեկչական «Ալ Ղաիդա» խմբավորումը ներկա դրությամբ ավելի քան թույլ է, սակայն ահաբեկչական սպառնալիքն առկա է, այն չի նվազել, քանի որ նույնիսկ երկպառակված վիճակում «Ալ Ղաիդա»-ն մշակում է ահաբեկչական գործողությունների նոր մարտավարություն, նոր մոտեցումներ»։
Փորձագետները վկայում են, որ վերջին շրջանում «միջազգային հանրությունը» «Ալ Ղաիդա»-ի դեմ պայքարում նկատելի հաջողություններ է գրանցել. դա առավել ակնառու է Մալիում և Սոմալիում։ Այնուհանդերձ, Սիրիայում, որտեղ շարունակվում է քաղաքացիական պատերազմը, արմատական իսլամիտների ու ահաբեկիչների թիվը Բաշար Ասադի դեմ մարտնչող ուժերում աճում է։
Նշենք, որ ՄԱԿ-ի այս տվյալներն ընդհանուր առմամբ համընկնում են ԱՄՆ կառավարության գնահատականների հետ։
Հավելենք, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը կազմավորվել է 1980-ականներին։ 1998-ին Տանզանիայում ու Քենիայում ԱՄՆ դեսպանատների պայթեցումից և Նյու Յորքի՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի դեպքից հետո այն դիտարկում են՝ որպես ամենախոշոր ու ազդեցիկ ահաբեկչական խմբավորումն աշխարհում։ Դրա հիմնադիրը համարվող Բեն Լադենը սպանվել է 2011-ի մայիսին Պակիստանում։ Նրանից հետո խմբավորման ղեկավարությունը ստանձնել է Այման ալ-Զավահիրին։