Ականի վրա հայ զինվոր չի պայթել. ՊԲ

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, լուրեր էր տարածել՝ իբր «Աղդամի շրջանում 2 հայ զինվոր անցել են շփման գծը, մեկը գերի է ընկել, մյուսը՝ ականի վրա պայթել է»։

Ավելի վաղ 1news.az ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում էր իբր «սահմանն է անցել ու հանձնվել հայկական բանակում 2 ամիս ծառայած մեկ հայ զինվոր»։

Նշենք, որ ադրբեջանական մամուլը հղում չի տալիս որևէ պաշտոնական աղբյուրի։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ դեռևս լռում է այս առնչությամբ։

ՊԲ մամուլի ծառայությունը արդեն իսկ հաստատել է, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Ռազմինֆոն «ականի վրա պայթած հայ զինվորի» տեղեկության առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից։ Վերջինս հերքեց այս լուրը՝ վկայելով, որ սա ապատեղեկատվություն է, և ադրբեջանական կողմում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել է միայն մեկ հայ զինվոր։ Մամուլի խոսնակը հավելեց, թե «չի պատրաստվում մեկնաբանել ամեն մի ադրբեջանցու ասած»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *