2008-ի օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը

Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդմամբ։

Վրաստանը Հարավային Օսիայի վրա հարձակումը պատճառաբանեց իրեն պատկանող տարածքում վերահսկողություն սահմանելու և այդտեղ սահմանադրական կարգը վերականգնելու անհրաժեշտությամբ։

Պատերազմը սկսվեց օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանով հրետակոծման ենթարկվեց Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը, ինչից հետո վրացական զորքերն անցան ցամաքային գրոհի։ Հրետակոծման ենթարկվեցին նաև Հվ Օսիայի տարածքում տեղակայված ՌԴ խաղաղապահների զորանոցները։

Օգոստոսի 8-ի կեսօրին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաման արձակեց սկսել ռազմական գործողություններ՝ «խաղաղության հարկադրում» ձևակերպմամբ։

Ռուսական ուժերը գրոհում էին ոչ միայն Հարավային Օսիայի տարածքից, այլ ևս մեկ ճակատ բացեցին Աբխազիայի տարածքից աբխազների հետ համատեղ, ինչպես նաև ռազմական նավատորմը մոտեցրին Վրաստանի ափերին՝ խորտակելով վրացական ռազմածովային ուժերի կատերներ։ Մի քանի օրում ռուսական զորքը մտավ Փոթի, Գորի, Սենակի և Զուգդիդի՝ մոտենալով մայրաքաղաք Թբիլիսիին։

Չկարողանալով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը՝ վրացական բանակը, կորուստներ կրելով, նահանջում էր։ Այս ամենի հետևանքով պաշտոնական Թբիլիսին ստիպված էր մտածել հրադադարի մասին։

Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչ օգոստոսի 12-ը, ինչից հետո Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի նախագահների և ներկայացուցիչների միջև կնքվեց հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը։

Պատերազմի արդյունքում մեկնարկեց մինչ այդ չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչման գործընթացը։ Առաջինը Աբխազիան և Հրվ Օսիան որպես անկախ պետություն ճանաչեց Ռուսաստանը, որին հետևեցին նաև Վենեսուելան, Վանուատուն, Նիկարագուան, Նաուրուն և Տուվալուն։

Սեպտեմբերի 2-ին Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով իր տարածքների բռնազավթման համար։

ՀՕՊ համակարգը Վրաստանի զինուժի այն եզակի զորատեսակներից էր, որը համեմատաբար արդյունավետ գործեց։ Ռուսական կողմը պաշտոնապես հաստատեց 3 միավոր Սու-25-ի և 1 միավոր Տու-22Մ3-ի, իսկ ոչ պաշտոնապես ևս 2 միավոր Սու-24-ի կորուստը։ Վրացական կողմի տվյալներն էապես տարբերվում են ռուսական կողմի տվյալներից. այսպես օրինակ` համաձայն Վրաստանի միացյալ շտաբի պետ Զազա Գոգավայի, վրացական կողմը ոչնչացրել է 19 ռուսական ինքնաթիռ։ Մեկ այլ վրացի պաշտոնյայի` Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու, խոսքերով, Ռուսաստանը կորցրել էր 15 ինքնաթիռ։ Սակայն ոչ Գոգավան, ոչ Մերաբիշվիլին չեն հստակեցրել, թե ինչ ինքնաթիռների մասին է խոսքը։

Հակամարտող կողմերի ներկայացրած տվյալների միջև այսպիսի տարբերությունը մասամբ կարող է բացատրվել այն հանգամանքով, որ վրացիների կողմից վնասված ինքնաթիռների մի մասը կարող էր բարեհաջող վերադառնալ ավիաբազա։ Այդ վարկածն ամրապնդվում է նրանով, որ պատերազմից հետո ցանցում հայտնվեցին լուրջ վնասվաքներով իրենց ավիաբազա վերադարձած Սու-25 գրոհիչների լուսանկարներ և տեսագրություններ։ Հավանական է, որ վրացական կողմը այդ ինքնաթիռները ևս հաշվել է որպես ոչնչացված։

Իսկ անվերադարձ կորուստների առումով իրականությանն առավել մոտ են թվում ռուսական կողմի ոչ պաշտոնական տվյալները 6 իննաթիռի կորստի վերաբերյալ։ Բացի այդ կան նաև հակասական տվյալներ ռուսների կողմից սխալմամբ վնասված կամ ոչնչացված սեփական ինքնաթիռների մասին, սակայն այնքան էլ պարզ չի, թե արդյոք դրանք հաշվի առնվում են վերոհիշյալ տվյալներում, թե ոչ։

Հետաքրքիր է նաև, որ ռուսական ինքնաթիռների զգալի մասը վրացական կողմը ոչնչացրել կամ վնասել է հիմնականում խորհրդային արտադրության ԶՀՀ-ներով և մասնավորապես Ուկրաինայից 2007 թվականին գնված «Բուկ-Մ1» համակարգերով։

Հնգօրյա պատերազմի ընթացքում Վրաստանը կորցրեց 171 զինծառայող (ըստ վրացական աղբյուրների), իսկ Ռուսաստանը՝ 71 (ըստ ռուսական կողմի տվյալների), Աբխազիան՝ 1, Հարավային Օսիան՝ 29 զինվորական։

Ըստ ռուսաստանյան կողմի՝ պատերազմի հետևանքով 200-ից ավել խաղաղ օս բնակիչ զոհվեց, իսկ վրացական կողմը հայտնեց քաղաքացիների շրջանում 220-ից ավել կորուստի մասին։ Վրացական կողմի պնդմամբ՝ ռուսաստանյան ուժերը ռմբակոծության էին ենթարկել նաև քաղաքները (ոչ ռազմական նշանակության վայրերը)։

Նշենք նաև, որ այս պատերազմի հետևանքով  երկու կողմից էլ մեծ թվով բնակիչներ դարձան փախստականներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *