Ռուսաստանի Բորիսոլեբսկի ուսումնական ավիաբազայում երիտասարդ օդաչուները Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռով թռիչքների քննություն են հանձնել։
Ուսումնական ավիաբազայում առաջին անգամ էր անցկացվում Յակ-130 ինքնաթիռով թռիչքային դասընթացներ։
ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ Յակ-130-ով թռիչքների դասընթացներ են անցել թվով 15 օդաչու, ովքեր բոլորն էլ հաջող են հանձնել քննությունը։
Օդաչուները Յակ-130-ով դասընթացները սկսել էին 2013 թվականի մարտի վերջին։ Կուրսանտները միջինը 64 ժամ թռիչք են կատարել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։
Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը նախագծել է ռուսական «Իրկուտ» ընկերությունը: Ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։
Յակ-130-ը կարող է օգտագործվել որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ. այն կարող է կրել 23 մմ թնդանոթներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000 կգ է։
Յակ-130 ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել հինգերորդ և 4++ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։
Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։
Նշենք, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է Յակ-130 ուսումնա-մարտական ինքնաթիռներով։ Այս մասին թույլ է տալիս ենթադրել «Յակովլևի փորձարարա-կոնստրուկտորական բյուրոյի» 2012 թվականի հաշվետվությունը։
Ըստ հաշվետվության՝ 2012 թվականի ընթացքում կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչուները Իրկուտսկի ավիագործարանի տարածքում հայ օդաչուների համար իրականացրել են ճանաչողական թռիչքներ Յակ-130 ինքնաթիռներով։
Հնարավոր պատվերի ծավալի և իրականացման ժամկետի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։