Սամարայի զորամասում վեճ է ծագել սպաների ու շարքայինների միջև

Օգոստոսի 6-ին հայտնի է դարձել, որ ՌԴ Սամարայի շրջանում ստուգումներ են անցկացվում՝ զորամասերից մեկում ծեծկռտուքի փաստի առնչությամբ։

Զորամասը տեղակայված է Կրյաժ ավանում։ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Յարոսլավ Ռոշչյուպկինի վկայությամբ՝ իրենք դեռևս նախնական տվյալներն ունեն։ Համաձայն դրանց՝ մոտոհրաձգային բրիգադում վեճ է ծագել սպաների ու մի խումբ զինվորների միջև։ Բախումների պատճառով 2 շարքային զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել։ Երկու տուժածներն էլ Հյուսիսային Օսեթիայից են։

Փաստի առնչությամբ ստուգումներ է անցկացնում զինդատախազությունը՝ օկրուգի հրամանատարության հետ համատեղ։ Դեռևս պարզ չէ վեճի իրական պատճառն ու զինծառայողների ստացած վնասվածքների ծանրության աստիճանը։

Հիշեցնենք, որ 2013-ի գարնանը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան զեկույց է ներկայացրել՝ ԶՈւ-ում հանցագործությունների ու միջադեպերի առնչությամբ։

Ըստ դրա՝ 2012-ի կտրվածքով բռնի գործողությունների պատճառով տուժել է 2783 զինծառայող, հանցագործությունների ու միջադեպերի հետևանքով մահացել են 339-ը։ Զեկույցում շեշտված էր, որ սպայական կազմի շրջանակներում հանցանքների թիվը զգալիորեն մեծ է, այն կազմում է գրանցված հանցագործությունների 1/3-ը։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *