Թուրքիան նախատեսում է ձեռք բերել 10 միավոր դեսանտային կատեր, ինչի համար արդեն մրցույթ է հայտարարվել։
«Թուրքական տիպի դեսանտային կատեր» անվանումը ստացած ծրագրով նախատեսվում է տեղի և արտասահմանյան արտադրողների միջոցով ստեղծել թուրքական դեսանտային կատերներ։
RMK Marine-ի կատերը Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի համար
Defense News-ի տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերը ցանկանում է, որպեսզի նավի արտադրությամբ զբաղվեն տեղական ընկերությունները, սակայն մրցույթին հրավիրել է նաև արտասահմանյան նավաշինական կազմակերպություններին։
Թուրքիայում չեն բացառում, որ նավը կարող է ստեղծվել տեղական ընկերությունների կողմից և համալրվել արտասահմանյան մասերով, տեխնիկայով կամ սպառազինությամբ։
Նույն աղբյուրի տվյալներով՝ այս նախագիծը գնահատվում է շուրջ 600 մլն ամերիկյան դոլար։
Սպասվում է, որ դեսանտային կատերի համար մրցույթին կմասնակցեն թուրքական RMK Marine, Yonca-Onuk, Dearsan Istanbul Shipyards ընկերությունները։
Ծրագրի իրականացմանը հետևելու է պետական STM խորհրդատվական ընկերությունը։ Մրցույթը բաց է լինելու մինչ սեպտեմբերի 11-ը։
Նշենք, որ Թուրքիան ելք ունի դեպի Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարա ծովեր։ Թուրքիայի և Հունաստանի միջև կան մի շարք տարածքային վեճեր Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիների շուրջ, իսկ Միջերկրական ծովում գտնվող Կիպրոս կղզու հյուսիսային հատվածն արդեն շուրջ 30 տարի բռնազավթված է թուրքական զինված ուժերի կողմից։