Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանային հատվածում մաքսանենգ ճանապարհով վառելիք տեղափոխելու ժամանակ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թուրք զինծառայողներ են տուժել։
Դեպքը եղել է Թուրքիայի Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթ) Ռեյհանլը շրջանի և Սիրիայի միջև սահմանին։
Գիշերային ժամերին անհայտ անձանց խումբը փորձել է անօրինական ճանապարհով դեպի թուրքական հատված վառելիք տեղափոխել։ Այս ընթացքում սահմանը հսկող թուրք զինծառայողները նկատել են խմբին, որից հետո կոչ են արել կանգ առնել։
Մաքսանենգները փախուստի են դիմել, սակայն մինչ այդ կրակի են տվել մազութը։ Առաջացած ուժեղ հրդեհի պատճառով 4 թուրք զինծառայող է վիրավորվել. նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր։
Նշենք, որ վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանին միջադեպերը զգալի շատացել են, ինչը մասամբ կապված է նաև Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում քրդական ուժերի (PYD) և սիրիայի ապստամբների ու նրանց կողմից կռվող խմբավորումների միջև ընթացող մարտերի հետ։