Նոր դաշնակիցներ և նոր սպառազինում տարածաշրջանում. օրվա ամփոփում

Մամուլն այսօր անդրադարձել էր բանակում գրանցված երկու միջադեպերի հետևանքների ընթացքին՝ ծեծի արդյունքում հոգեխանգարման հասած զինվորին ազատել են բանակից, երևանցի Աղասի Աբրահամյանի մահվան գործով նոր բացահայտումներ չկան:

  1. Զորամասում ծեծի հետևանքով հոգեխանգարման հասած Ժորա Մկրտչյանին ազատել են զինծառայությունից, իսկ հայրը՝ հետ է վերցրել մեղադրանքը: Նա նշել է, որ իրեք միջոցներ չունեն որդուն բուժելու նպատակով, իսկ բողոքը հետ է վերցրել, քանի որ որդին է այդպես խնդրել ու չի ցանկանում, որ իրեն այդ վիճակին հասցրած ծառայակիցները հեռու լինեն իրենց ծնողներից:
  2. Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած երևանցի Աղասի Աբրահամյանի մահվան գործով նոր բացահայտումներ չկան, իսկ նրա ծառայակից ընկեր Գրիշա Եգորյանը պահվում է ՌՈ-ում, չնայած, ըստ հրապարակման, գործով վկա չէ: Հրապարակումների համաձայն, Աղասի Աբրահամյանը մահացել էր ծառայակիցների ծեծի հետևանքով:
  3. Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ ԱՄՆ–ն այլևս չի կարողանում սպառազինության ոլորտում նախկինի նման նյութական մեծ ծախսեր անել, բայց անգամ կրճատված բյուջեն հսկայական է և կազմում է մոտ մոտ 600 մլրդ դոլար:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Ֆրանսիան կոչ է անում Իրանի դեմ նոր, աննախադեպ դաժան պատժամիջոցներ կիրառել, իսկ միջազգային մամուլը վկայում է, որ մինչ Ֆրանսիան կոչ է անում՝ Թուրքիան հրաժարվում է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել:
  • Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը  հայտարարել է, որ ԱՄՆ նոր պաշտպանական ռազմավարության մեջ Թուրքիան շարունակում է մնալ որպես չափազանց կարևոր դաշնակից:
  • Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը վաղաժամ արված քայլ է եղել:
  •  Որոշ աղբյուրների համաձայն՝ Իսրայել է ժամանել 9 հազար ամերիկացի զինվորական, որտեղ ամերիկյան զորքերի հրամանատարական կետ է ստեղծվելու: Վերլուծաբանները զորքի տեղափոխությունը համարում են նախապատրաստություն հավանական պատերազմին:
  • Մյուս կողմից՝ Իսրայելը ռազմական նոր դաշնակիցներ է գտել՝ Կիպրոսն ու Հունաստանը: Իսրայելի և Կիպրոսի պաշտպանության նախարարները երկու համաձայնագիր են ստորագրել, որոնք ուղղված են այդ երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը:
  •  Իրանի հետ սահմանը հսկող 2 թուրք զինվորականներ հերթապահության ժամանակ վիճաբանել են, որն ավարտվել է կրակահերթով: Զինվորներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել։
  • Մինչ արևմուտքն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրով՝ այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայում հանդիպել է նախագահ Ուգո Չավեսի հետ և նշել, որ ԱՄՆ-ի անհանգստությունը, թե Իրանը ատոմային ռումբ է ստեղծում՝ ոչ այլ ինչ է, քան Իրանի զարգացումը կանխելու նպատակ:
  •  Իսկ Վրացական մամուլը ենթադրում է, որ 2011թ. Վրաստանը ԽՍՀՄ արտադրության 2С1 Гвоздика ինքնագնաց հրետանային համակարգեր է գնել, որի նպատակը 2008 ռուս-վրացական պատերազմի ընթացքում ունեցած կորուստների վերականգնումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *